Եկեք դիտարկենք բրիտանական փորձը։ Անգլիական ընկերություններից մեկը հենց այդ հարցն է ուղղել մոտ 2000 բրիտանացու՝ արդյոք դուք ձեզ համարում եք բազմակողմանի զարգացած: 10 հարցվածներից 7-ը պատասխանել են. «Այո, ես բազմակողմանի զարգացած եմ»: Ենթադրում եմ, որ Հայաստանում 10-ից 10-ը այդ նույն պատասխանը կտար:
Բայց կոնկրետ՝ ինչպիսին է այդ բազմակողմանի զարգացած մարդը: Մեծ Բրիտանիայում ընդհանուր պատասխանն այսպիսին է եղել՝ մարդ, որը գիրք է կարդում և հասկանում է երաժշտությունից: Չգիտեմ՝ կհամաձայնեք արդյոք նման ձևակերպման հետ, բայց սա, իհարկե, բրիտանացիների նկարագրած ընդհանրական կերպարն է: Իսկ հետո հարցվածները տվել են 40 շատ կոնկրետ բնորոշումներ, որոնք, բնականաբար, մեկ առ մեկ չեմ կարող թվարկել։ Առանձնացնեմ միայն այն բնորոշումները, որոնք մեզ էլ են, այսպես ասած, հոգեհարազատ:
Առաջին՝ բազմակողմանի զարգացած մարդն անպայման թատրոն է հաճախում ու նաև բալետ դիտում: Խոստովանեք՝ երբ եք վերջին անգամ թատրոնում եղել, մանավանդ` բալետ դիտել: Երկրորդ՝ բազմակողմանին ամեն օր թերթ է կարդում: Թող ներեն ինձ մեր բազմաթիվ թերթերի խմբագիրները և լրագրողները, բայց անկեղծ ասենք՝ շատ քչերն են հիմա թերթ գնում: Անցնենք առաջ:
Բրիտանացիների կարծիքով՝ բազմակողմանի զարգացած մարդն անպայման հետաքրքրվում է քաղաքականությամբ: Այս բնագավառում, ինձ թվում է, մենք բրիտանացիներին գերազանցում ենք՝ մեզ մոտ անխտիր բոլորն են հետաքրքրվում ու հասկանում քաղաքականությունից: Էլ չեմ ասում տաքսու վարորդների մասին, որոնք կարողանում են ընդամենը մի քանի րոպեում՝ Արաբկիրից մինչև Երրորդ մաս, խորը վերլուծություններ ներկայացնել միջազգային իրադրության մասին: Գնացեք շուկա: Եվ կանաչի վաճառողը ձեզ ամենայն մանրամասնությամբ կբացատրի, թե ինչու մեր իշխանությունները հենց հիմա որոշեցին նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները ու ինչ վտանգներ է պարունակում այսինչ հոդվածը: Այս առումով, համաձայնեք, մենք ողջ ազգով ենք բազմակողմանի զարգացած:
Կան նաև բավական ուրույն բնորոշումներ: Օրինակ` բրիտանացիների մի զգալի մասը համոզված է, որ բազմակողմանի զարգացած մարդը իսկական սուրճ է խմում, այլ ոչ թե լուծվող: Կարծում եմ այս առումով էլ ենք մենք` հայաստանցիներս, բավական բազմակողմանի: Որովհետեւ հայտնի է, որ հայերի ամենասիրած հարցն է. «Բա մեր վերջը ինչ է լինելու», իսկ այդ փիլիսոփայական հարցի պատասխանը կարելի է ստանալ միմիայն իսկական սուրճի բաժակի հատակին: Լուծվող սուրճի բաժակի հատակին ոչինչ չի երևում:
Մարդիկ կշարունակեն մեքենաների համարանիշների վրա գրել, կամ Վաշինգտոնը կդառնա՞ 51-րդ նահանգ
Բրիտանացիները չգիտես ինչու նաև համոզված են, որ բազմակողմանի զարգացած մարդը նա է, ով չինական կամ ճապոնական ռեստորան գնալիս օգտվում է ոչ թե դանակից ու պատառաքաղից, այլ այդ զույգ փայտիկներից: Չգիտեմ՝ արդյոք ձեզ հաջողվում է սուշին բռնել այդ փայտիկներով, ինձ երբեք չի հաջողվել: Երևի դրա համար էլ նախընտրում եմ մեր հարազատ հայկական ռեստորանները, որտեղ չի պահանջվում քյաբաբը կամ խորովածը փայտիկով ուտել:
Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»
Բայց այդ դեպքում էլ է խնդիր ծագում: Ինչ խմիչքով են ուտում այդ խորովածն ու քյաբաբը: Որովհետեւ շատ բրիտանացիներ գտնում են նաև, որ բազմակողմանի զարգացած մարդը նա է, ով գիտի, թե որ ճաշատեսակը ինչ գույնի գինիով են ըմբոշխնում: Խոստովանեմ՝ այս հարցում էլ են իմ գիտելիքները թերի, որովհետև նա, ով հորինել է մեր հայտնի ասացվածքը՝ «գինով կուտվին», ախր, ցավոք, չի մանրամասնել, թե ինչը և որ գինիով՝ կարմի՞ր, թե՞ սպիտակ, աղանդերային, թե թունդ, «Արենի», թե՞ «Վերնաշեն»։ Ու ես տեսնում եմ, որ իմ հայրենակիցներից շատերը ճիշտ ինձ նման, երևի չխայտառակվելու համար, ամեն ինչն էլ ուղղակի օղիով են ուտում: Որպեսզի ցույց չտան, թե որքան թերի ու միակողմանի են զարգացած: