Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել

Դատախազությունը համաձայն չէ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման հետ, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դատախազության` Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված դիմումը երեկ մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան»,–ասաց Խաչատրյանը։

Ավելի վաղ Խաչատրյանը մեզ հայտնել էր, որ Քոչարյանի ազատության մեջ լինելը ռիսկային է գնահատել ոչ միայն Դատախազությունը, այլև գործը քննող և Վերաքննիչ դատարանները։ Նրա խոսքով` դատական քննության այս փուլում զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությունը խոչընդոտելու ռիսկերը։

Դատախազությունը բողոքարկել է Գրիգորյանի վերաբերյալ քրգործի վարույթը կարճելու որոշումը

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել