Ավելի քան 1330 ռուսաստանցի քվեարկել է ՀՀ-ում ռուսական դեսպանատան տեղամասում

Ռուսաստանցիները մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեին քվեարկել ՌԴ Սահմանադրական փոփոխությունների օգտին: Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները նույնպես նման հնարավորություն են ունեցել։ Հանրապետության տարածքում գործել է 6 ընտրատեղամաս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik․ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի ավելի քան 1330 քաղաքացի Երևանում մասնակցել են ՌԴ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին` քվեարկելով ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում: Քվեարկությունը տևել է 7 օր՝ հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Տեղեկությունը հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 1–ին, ուղիղ առավոտյան ժամը 8–ին բացվել են վեց տեղամասերը՝ մեկական Երևանում գտնվող դեսպանատանը և Գյումրիի Գլխավոր Հյուպատոսությունում, երեքը ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայում, մեկը՝ «Էրեբունի» ավիաբազայում:

«Հանուն Հայաստանի հետ համագործակցության». ինչպե՞ս է անցնում քվեարկությունը ՌԴ դեսպանատանը

«ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին քվեարկությանը մասնակցել է 1331 մարդ», - ասված է հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական առաքելության տարածքում տեղակայված տեղամասում միջոցներ են ձեռնարկվել համաճարակաբանական անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսով վարակվելու վտանգը նվազագույնի հասցնելու համար:

Քվեախցիկները տեղադրված են եղել բացօթյա վայրում։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության շարժական լաբորատորիայի ուժերով պարբերաբար ախտահանում է իրականացվել։ Դեսպանատան մուտքի մոտ տեղադրված է եղել անհպում ջերմաչափման կետ։ Ընտրողների մուտքը տեղամաս կանոնակարգվել է՝ սոցիալական հեռավորությունն ապահովելու համար։

«Քվեարկության բոլոր մասնակիցներին տրամադրվել են դիմակներ և ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման գրիչներ։ Եղել է շտապօգնության բրիգադի մշտական հերթապահություն»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանում հուլիսի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Սահմանադրական փոփոխությունների քվեարկության միջին մասնակցությունը կազմել է 64,99%:

Ռուսաստանում հանրաքվե է. 102–րդ ռազմաբազայի բոլոր ծառայողներն արդեն քվեարկել են

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում անդրադարձել է Ռուսաստանում կայացած ընտրություններին և հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ–ի։

«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին՝ մեր քվեարկությանը միջամտելու համար։ Եթե չլիներ ձեր խառնաշփոթը՝ նախ քովիդի, այնուհետև հուշարձանների և մնացած ամեն ինչի հետ կապված, մեզ մոտ արդյունքը կարող էր և ավելի վատ լինել։ Քանզի ամեն ինչ համեմատության մեջ է երևում»,-գրել է Սիմոնյանը իր Telegram-ալիքում։

Ինչպես հաղորդում Է ԿԸՀ-ն, քվեաթերթիկների 25%-ի հաշվարկից հետո հայտնի է դարձել, որ ընտրողների 73,24%-ը քվեարկել է Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների օգտին:

Պուտինը քվեարկեց առանց դիմակի ու ձեռնոցի. տեսանյութ

Ռուսաստանի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին, սակայն այն հետաձգվեց երկրում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով։ Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Որոշման համաձայն` ՌԴ քաղաքացիները քվեարկելու հնարավորություն ունեին յոթ օր շարունակ։ Այսօր քվեարկության հիմնական օրն էր։