Ամառային զորակոչը մեկնարկել է. բոլոր զորակոչիկները թեստավորվում են

Հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպվել, որպեսզի վարակված զորակոչիկներ չհայտնվեն բանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Այսօր մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել զորակոչիկներից` հայտնելով, որ բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, հետո միայն մասնակցում վիճակահանությանը։

«Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով»,–գրել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ գալիք երկու ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մեկը երաժիշտ, մյուսը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու զինվոր կդառնան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։ Ստեփանյանն արժանապատիվ և բարի ծառայություն է մաղթել զորակոչիկներին։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ զինված ուժերում, բարեբախտաբար, կորոնավիրուսը լայն տարածում չունի։ Նրա խոսքով` բանակում բռնկում չկա, վարակվածները քիչ են, ծանր դեպքեր գրեթե չկան։

Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում