Սարգսյանի ստորագրել-չստորագրելն օրենքի համար գրեթե նշանակություն չունի. սահմանադրագետ

Մասնագետի խոսքով՝ իր այս քայլով նախագահը՝ որպես ինստիտուտ, հրաժարվում է համաձայնություն տալ նախագծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահի ստորագրել-չստորագրելն, ըստ էության, օրենքի համար գրեթե նշանակություն չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով։

Մելոյանը նշեց, որ ըստ Սահմանադրության 129–րդ հոդվածի՝ ՀՀ նախագահն ունի 21-օրյա ժամկետ օրենքը ստորագրելու համար։ Եթե նա այդ ժամկետում չի ստորագրում օրենքը, ԱԺ նախագահը հայտարարում է դրա մասին, և օրենքը մտնում է ուժի մեջ։

«Այսինքն` ՀՀ նախագահն իր այս քայլով հրաժարվում է որպես ինստիտուտ իր համաձայնությունը տալ նախագծին։ Նրա դիրքորոշումը դեռ պարզ չէ, հուսամ՝ ապագայում կհրապարակվի, թե ինչու է այդպես որոշել։ Ես սա բնութագրում եմ որպես հերթական հարված, ինչով ավելի է խորանում երկրում սահմանադրական ճգնաժամը»,- ասաց Մելոյանը՝ հավելելով, որ օրենքը հակաիրավական է և մի շարք կազուսների տեղիք է տալիս։

Սահմանադրության 129–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի ընդունած օրենքը երկրի նախագահը ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։

Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

«Ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։

Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Հունիսի 26-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ազդարարեց, որ այդ պահից սկսած Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Նա նաև նշեց, որ ՍԴ երեք նոր դատավորները պետք է ընտրվեն 2 ամսվա ընթացքում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՍԴ նախագահի լիազորությունները պետք է ստանձնի Աշոտ Խաչատրյանը, որը տարիքով ամենամեծն է, սակայն նա հայտարարեց, որ չի կարող ՍԴ նախագահի պարտականությունները կատարող համարվել, որովհետև ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ` 80 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու` ՀՀ օրենքի նախագիծը։

Քվեարկությանը ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։