Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում

Կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ է վերընտրվել Վլադիմիր Եվտուշենկովը, որը Ռոբերտ Քոչարյանի ազատության համար գրավը վճարելու գումարի մի մասն էր փոխանցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան տնօրենների խորհրդի կազմ է ընտրել, որում որպես անկախ տնօրեն վերընտրվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տեղեկությունը հայտնում է կորպորացիայի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

Բացի այդ, կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ է վերընտրվել Վլադիմիր Եվտուշենկովը, իսկ փոխնախագահներ՝ Աննա Բելովան և Անդրեյ Դուբովսկովը։

Հիշեցնենք, որ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը մեկն էր այն չորս անձանցից, որոնք գումար էին փոխանցել Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար անհրաժեշտ 2 մլրդ դրամը համալրելու նպատակով։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ի դեպ, 2019-ի հունիսի 29-ին, երբ Քոչարյանը մնացել էր «Սիստեմա» ԲՖԿ ներդրումային հոլդինգի տնօրենների խորհրդում, Եվտուշենկովն ասել էր, որ իր կարծիքով Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական գործընթաց է։