Մելիքյանը վերադարձել է Հայաստան. նա կգլխավորի «Ալաշկերտը»

Ակումբի հետ Մելիքյանը պայմանագիր է ստորագրել մինչև 2020 թվականի դեկտեմբեր` իր աշխատանքը երկարաձգելու հնարավորությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ  30 հունիս – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը Ուկրաինայում 5 տարի մարզչական գործունեությունից հետո վերադարձավ Հայաստան`բարձրագույն խմբի առաջատար թիմերից մեկը՝ «Ալաշկերտը» գլխավորելու: Տեղեկությունը հայտնում է «Ալաշկերտ» ՖԱ-ի մամուլի քարտուղարությունը։

Չնայած նրան, որ 40-ամյա Եղիշե Մելիքյանի նոր նշանակումը սպասվում էր ուկրաինական թիմերից մեկում,  հայ մասնագետը ժամանեց Հայաստան ու ակումբի ղեկավարության հետ բանակցություններից հետո որոշեց գլխավորեց հայկական թիմը:

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ

Վերջին մեկ ամսվա ընթացքում լուրեր էին պտտվում, որ ուկրաինական «Լվովի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շատ շուտով նոր թիմ է գլխավորելու։ Նույնիսկ ասում էին, որ Մելիքյանը կարող է ղեկավարել Ուկրաինայի լավագույն թիմերից մեկը՝ Կիևի «Դինամոն»: Բայց փաստն այն է, որ հայ մասնագետը հիմա Հայաստանում է, հայկական թիմում՝ «Ալաշկերտում»: Ակումբի հետ Մելիքյանը պայմանագիր է ստորագրել մինչև 2020 թվականի դեկտեմբեր` իր աշխատանքը երկարաձգելու հնարավորությամբ:

Ֆուտբոլային աշխարհին Մելիքյանը հիմա ավելի շատ հայտնի է որպես ֆուտբոլիստ: Երկար տարիներ հանդես գալով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում` Մելիքյանը խաղացել է նաև ուկրաինական մի շարք ակումբներում:   Ֆուտբոլիստի կարիերան նա ավարտել է 2012 թվականին ուկրաինական «Գովերլա» թիմում: Իսկ երեք տարի անց սկսել է մարզչի աշխատանքը Դոնեցկի «Մետալուրգում»:

Հայաստանի և Ալբանիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն

 Հայաստանի ազգային հավաքականի կազմում 30 խաղ անցկացրած պաշտպանը մարզչի հնգամյա իր կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Ստալ» և «Լվով» թիմերում: Կասկածից վեր է, որ Մելիքյանի նշանակումը նպատակ է հետապնդում բարելավել «Ալաշկերտի» արդյունքները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Մրցաշարի վերջին երեք խաղերում «Ալաշկերտը» երկու պարտություն է կրել, ու աղյուսակում հիմա զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Առաջնության ավարտին մնացել է երեք տուր, ու մրցանակային եռյակում հայտնվելու համար Մելիքյանն ու «Ալաշկերտը» պետք է ձգտեն միայն հաղթել: