Հեպատիտ C-ն պետք է ամբողջությամբ վերացվի. դեղորայքի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է

Մատակարարված դեղորայքը նախատեսված է 500 հոգու համար, սակայն այս տարի դեղորայք է ձեռք բերվելու ևս 1000-ի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագրի շրջանակում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինն արդեն Հայաստանում է: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դեղորայքը պետք է մատակարարված լիներ դեռ գարնան սկզբին, բայց կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումն ուշացել էր:

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

«Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են հեպատիտ C ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների»,- գրել է Թորոսյանը՝ նշելով, որ մատակարարված դեղորայքը նախատեսված է 500 հոգու համար, սակայն այս տարի դեղորայք է ձեռք բերվելու ևս 1000-ի համար:

Նախարարի խոսքով՝ ծրագրի նպատակն է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացումը։

Հիշեցնենք` Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանն անցյալ տարի հայտնել էր, որ ՀՀ ավելի քան 100 հազար քաղաքացի վարակված են հեպատիտի տարբեր տեսակներով։ Բնակչության մոտ 2%–ը (մոտ 50–60 հազար մարդ) հեպատիտ B–ով է վարակված, իսկ 4-5%–ը (60–80 հազար մարդ)` հեպատիտ C–ով։