Հայության անունից` շնորհակալություն. ՀՀ նախագահն ընդունել է լիտվացի բուժաշխատողներին

Դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իտալիայից և Գերմանիայից նույնպես բուժաշխատողների խմբեր կժամանեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում գտնվող լիտվացի բուժաշխատողների խմբին. նրանք այստեղ են կորոնավիրուսի  դեմ պայքարում հայ գործընկերներին օգնելու համար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Բժիշկների նոր խումբ, 50-80 միլիոն եվրո վարկ. Մակրոնը նամակ է գրել Փաշինյանին

Նախագահ Սարգսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ օգնության ձեռք մեկնելու համար: «Հայաստանի քաղաքացիների և ողջ աշխարհի հայության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, ինչ անում ենք, նրա համար, որ հանուն մեզ օգնելու վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը»,-դիմելով բժիշկներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանն ու իր բարեկամ, նախագահ Գիտանաս Նաուսեդային, որի հետ վերջերս տեսակապով անկեղծ քննարկում է ունեցել:

Դեսպան Անդրեա Վիկտորինը նույնպես շնորհակալություն է հայտնել բժիշկներին Հայաստան այցելելու համար՝ կարևոր համարելով համավարակի ընթացքում Եվրամիության անդամ-երկրների աջակցությունը: Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իտալիայից և Գերմանիայից նույնպես խմբեր կժամանեն: «Նման այցելությունները կարևոր են նրանով, որ մասնագետները կարող են իրենց փորձը փոխանակել, աշխատել միասին, ինչը շատ օգտակար է: Հուսով եմ, որ բոլորս միասին կհաղթահարենք այս ճգնաժամը»,-ասել է դեսպանը:

Հայության անունից` շնորհակալություն. ՀՀ նախագահն ընդունել է լիտվացի բուժաշխատողներին

Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նույնպես երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից կարևոր է համարել լիտվացի բժիշկների այցելությունը: «Կարծում եմ, սա երկու երկրների միջև առողջապահության ոլորտում ավելի խորը համագործակցության ընդամենը սկիզբն է: Սա նաև լավ հնարավորություն է՝ կիսվելու մասնագիտական փորձով և առավել պատրաստ լինելու համավարակի հաջորդ հնարավոր ալիքներին: Հպարտ եմ, որ կարողանում ենք այս փուլում օգնել բարեկամ հայ ժողովրդին»,-նշել է դեսպանը:

Լիտվացի բժիշկները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկությունները համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարելու եղանակների վերաբերյալ:

Ֆրանսիացի բժիշկը Երևանի հիվանդանոցում հոգնել և հենց միջանցքում քնել է

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընկերներով ու ընտանիքներով կրկին այցելել Հայաստան, պահպանել իրենց հայ գործընկերների հետ կապերն ու երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին Հայաստան էր ժամանել լիտվացի բժիշկների և մասնագետների թիմը, նրանք իրենց հետ բերել էին 1,5 տոննա բուժսարքավորումներ ու պարագաներ։