Ֆրանսիայի նախկին վարչապետը կնստի 2 տարի. ախր ճիշտ են ասում ֆրանսիացիները՝ «շեղշե լա ֆամ»

Sputnik
Ֆրանսիայի նախկին վարչապետը կնստի 2 տարի. ախր ճիշտ են ասում ֆրանսիացիները՝ «շեղշե լա ֆամ»

Ֆրանսուա Ֆիյոնը բանտում կնստի առնվազն երկու տարի։ Այս մասին ավելի մանրամասն քիչ հետո, բայց նախ` ընդհանրապես դատվող և դատված ղեկավարների մասին, որովհետև Հայաստանում ոմանք ասում են՝ լավ, ինչպես կարելի է դատել նախկին ղեկավարին։ Կներեք, ամեն տեղ էլ դատում են։

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

Բրազիլիայում անցած տարի ոստիկանությունը ձերբակալեց նախկին նախագահ Միշել Տեմերին, որը մեղադրվում է ավելի քան 250 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ։ Ճիշտ է, հետո, ինչպես և մեզ մոտ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, նախկին նախագահին ազատ արձակեցին, բայց արգելեցին հեռանալ երկրից և շփվել այդ գործով անցնող այլ մեղադրյալների հետ։ Այնպես որ դատավարությունը դեռ առջևում է, և պարզ չէ, թե ինչպես է դասավորվելու նախկին նախագահի ճակատագիրը։ Ի դեպ, այդ նույն Բրազիլիայում կոռումպացիոն մեղադրանքներ են ներկայացվել նախկին ևս երկու նախագահներին՝ Դիլմա Ռուսեֆին և Լուլա դա Սիլվային։ Այնինչ մի ժամանակ Լուլա դա Սիլվան այնքան մեծ ժողովրդականություն էր վայելում, որ երբ նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվեց, բրազիլացիները պահանջում էին, որ փոխվի երկրի Սահմանադրությունը և Լուլա դա Սիլվային թույլատրվի շարունակել պաշտոնավարել որպես երկրի նախագահ։

Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը

Կարող եմ հիշեցնել նաև, որ ժամանակին քրեական մեղադրանքներ են ներկայացվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, Վրաստանի նախագահ Սիխեիլ Սաակաշվիլիին և Եգիպտոսի նախագահ ՄուհամՄեդ Մուրսիին, բայց երևի թե ամենախիստ պատժին է արժանացել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Խեն։ Այդ կինը երկու տարի առաջ ոչ միայն դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, այլև պետական բյուջե պետք է մուծի մի ահռելի գումար՝ մոտ 20 միլիոն դոլար։

Բայց կամաց-կամաց մոտենանք Ֆրանսիային և այդ երկրի ղեկավարներին։ Մոտ 10 տարի առաջ նախկին նախագահ Ժակ Շիրակին մեղադրեցին այն բանում, որ Փարիզի քաղաքապետ աշխատելու ժամանակ վատնել է պետական միջոցները։ Ճիշտ է, Շիրակը չնստեց, նրան դատապարտեցին երկու տարվա ազատազրկման, բայց պայմանական։ Իսկ այս աշնանը Ֆրանսիայում սպասվում է ևս մեկ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավարությունը։ Հիշում եք երևի, որ նա պաշտոնավարել է 2007-ից մինչև 2012 թվականը, բայց պաշտոնից հեռանալուց մեկ տարի անց նրան զրկեցին անձեռնմխելիությունից և մեղադրեցին կոռուպցիայի, խարդախության և նախագահական ընտրարշավի ժամանակ ֆինանսական խախտումներ թույլ տալու մեջ։

Մարդիկ կշարունակեն մեքենաների համարանիշների վրա գրել, կամ Վաշինգտոնը կդառնա՞ 51-րդ նահանգ

Բայց դառնանք վերջապես նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին ներկայացվող մեղադրանքներին։ Երևի իզուր չեն ասում ֆրանսիացիները՝ շեղշե լա ֆամ, այսինքն՝ փնտրիր կնոջը։ Փարիզյան լրատվամիջոցները ժամանակին, երբ Ֆիյոնը ցանկանում էր նախագահ դառնալ, փնտրեցին նրա կնոջը և գտան, որ նա աշխատանքի էր ձևակերպված որպես սենատորի օգնական կամ խորհրդատու, բայց երբեք չի երևացել պառլամենտում։ Նույնիսկ անցաթուղթ չի ունեցել։ Եվ խորհրդարանի որևէ աշխատակից նրան չի էլ տեսել։

Արդյո՞ք Լավրենտի Բերիան է սպանել Աղասի Խանջյանին

Եթե այս ամենը կատարվեր հիմա՝ կորոնավիրուսի պայմաններում, նախկին վարչապետի կինը հաստատ կկարողանար ամեն ինչ հեշտությամբ բացատրել՝ բա կարանտին է, հեռավար եմ աշխատում, հեռախոսով եմ խորհուրդներ տալիս։ Եվ ի դեպ, դժվար էլ որևէ մեկը կարողանար լուրջ մեղադրանք առաջադրել այս կնոջը, որովհետև ֆրանսիական օրենքների համաձայն` ամենևին չի արգելվում աշխատանքի տեղավորել հարազատներին և ընտանիքի անդամներին։ Բայց ախր դատարանը պարզել է, որ իրականում այդ կինը բացարձակ ոչինչ չի արել, ուղղակի փող է ստացել։ Ավելին, նրան փող են տվել նաև Ֆրանսուա Ֆիյոնի ընկերոջը պատկանող պարբերականում։ Մի քանի տարվա ընթացքում նախկին վարչապետի կինը գրել է ընդամենը երկու հոդված։ Եվ գիտեք, թե որքան է ստացել այդ երկու հոդվածի համար։ Չեք հավատա՝ 130 հազար եվրո։ Բա ճի՞շտ չեն ասում ֆրանսիացիները՝ շեղշե լա ֆամ…