ԿԲ-ն խոստանում է դիմադրել կորոնավիրուսի ոչ միայն երկրորդ, այլև երրորդ, չորրորդ ալիքներին

ԿԲ-ի կանխատեսումներով՝ կորոնավիրուսի հետևանքով տնտեսական անկումը Հայաստանում 2020թ-ին կազմելու է 4%, իսկ 2021թ-ի վերականգնումը՝ 5.5%, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի արդեն ակնկալվում է տնտեսական աճի դրական ցուցանիշ ունենալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգը բավականին կայուն է ու լավ  կապիտալիզացված՝ կորոնավիրուսային ճգնաժամին դիմակայելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ-ն վերանայել է իր կանխատեսումը. 2020թ-ի տնտեսական աճը բացասական կլինի

Նա վստահեցրեց նաև, որ անգամ կանխատեսվող վարակի տարածման երկրորդ համաշխարհային ալիքի դեպքում ԿԲ-ն ի վիճակի կլինի կայուն պահել ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգերը:

«Այն սցենարները, որ կարող են հաջորդել կորոնավիրուսի երկրորդ, երրորդ, չորրորդ ալիքների տարածումը, կարող են, իհարկե, մեծ դժվարություններ ստեղծել համաշխարհային բոլոր տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար: Բայց այստեղ փոքր լինելու առավելությունն էլ կայանում է նրանում, որ մոնիթորինգը շատ ավելի էֆեկտիվ ենք իրականացնում»,- ասաց Գալստյանը՝ հավաստիացնելով, որ մոնիթորինգի արդյունքներից կախված, ԿԲ-ն՝ անհրաժեշտության դեպքում կկիրառի ողջ գործիքակազմը Հայաստանի ֆինանսական կայունությունն ապահովելու համար:

Այդուհանդերձ, ԿԲ-ի կանխատեսումներով, կորոնավիրուսի հետևանքով տնտեսական անկումը Հայաստանում 2020թ-ին կազմելու է 4%, իսկ 2021թ-ի վերականգնումը՝ 5.5%, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի արդեն ակնկալվում է տնտեսական աճի դրական ցուցանիշ ունենալ:

Հայաստանի վարկային կազմակերպությունները վիրուսի պատճառով նվազեցրել են տոկոսները

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ տնտեսական աճի փոխարեն այս տարի կանխատեսվում է անկում, բայց թե որքան, չէր նշել:

Մինչ այդ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսվում էր տարեկան 5.3% տնտեսական աճ, իսկ մարտին ԿԲ-ն այս ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի:

Բանկային համակարգը պետք է ավելի մարդակենտրոն դառնա. Փաշինյանը ներկայացրեց ԿԲ նոր նախագահին