ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում կրճատվել են գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները, բացի թերևս պետական ներդրումներից ու պետական սպառումից: ՀՀ ԿԲ-ն այսօր հրապարակել է 2020թ-ի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը, որտեղ ներկայացված են նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով ՀՀ տնտեսության կրած կորուստներն ու մինչև տարեվերջ սպասվող կանխատեսումները:
Դրանց համաձայն՝ 2020թ-ին ակնկալվող 5.3%- անոց տնտեսական աճի փոխարեն ԿԲ-ն այժմ 4%-անոց անկում է կանխատեսում: Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ու նաև մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում:
Տնտեսական անկման այս կանխատեսումներն, ըստ ԿԲ-ի, հիմնականում պայմանավորված են համավարակի տարածմամբ, տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակմամբ, ինչպես նաև մասնավոր եկամուտների ու դրսից ֆինանսական փոխանցումների կրճատմամբ:
ԿԲ-ի հաշվետվության համաձայն՝ մասնավոր փոխանցումներն այս տարի կկրճատվեն շուրջ ¼-ով կամ 22-25%-ով:
Հայաստանի վարկային կազմակերպությունները վիրուսի պատճառով նվազեցրել են տոկոսները
Իսկ մասնավոր հատվածի եկամուտների կրճատումն իր հերթին կբերի մասնավոր սպառման 6.3% կրճատման:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիներին, ըստ ԿԲ-ի, նրանց հստակ թիվն այս պահին դեռ անորոշ է:
Ինչպես նշված է ԿԲ-ի հաշվետվության մեջ. «Տնտեսական գործոնների ընդհանուր ազդեցությունը գործազրկության վրա մեծապես անորոշ է, քանի որ համավարակի տարածումը կարող է անդրադառնալ նաև աշխատուժի առաջարկի կրճատման վրա: Գործազրկության ցուցանիշները կարող են թերագնահատված լինել նաև 2020թ-ի երկրորդ եռամսյակում՝ բազմաթիվ աշխատողների հարկադիր պարապուրդում գտնվելը հաշվարկում չներառելու հետևանքով»:
Որքա՞ն վարկ կտա Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին
Այդուհանդերձ ԿԲ-ի մասնագետները որոշ մոտավոր հաշվարկ ու կանխատեսում արել են, որի համաձայն, 2020թ-ի ընթացքում գործազուրկների թիվը ՀՀ-ում կավելանա 20.4%-ով:
Ինչ վերաբերում է գնաճին, այն հիմնականում պահպանվել է 4%-անոց կանխատեսման շեմում: Համավարակի ներքին ու արտաքին ազդակներով պայմանավորված որոշ շեղումները կանխատեսված ցուցանիշից ԿԲ-ն կարգավորել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման շնորհիվ: Այսպիսով, մինչև տարեվերջ ԿԲ-ն խոստանում է գնաճը պահել կանխատեսված 4+(-)1.9%-ի սահմաններում:
Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում
Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Այժմ արդեն երկրորդ եռամսյակի հաշվետվությամբ տնտեսական աճի փոխարեն ԿԲ-ն -4% տնտեսական անկում է կանխատեսել: