Մարդիկ կշարունակեն մեքենաների համարանիշների վրա գրել, կամ Վաշինգտոնը կդառնա՞ 51-րդ նահանգ

Եկեք անկեղծ լինենք։ Եթե աշխարհի ամենատարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, մարզերի բնակիչները շարունակաբար բողոքում են, որ ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում և իրենց ձայնը գրեթե չի լսվում, ապա ԱՄՆ–ում ճիշտ հակառակն է՝ հենց մայրաքաղաքն է ձայնազուրկ։
Sputnik
Մարդիկ կշարունակեն մեքենաների համարանիշների վրա գրել, կամ Վաշինգտոնը կդառնա՞ 51-րդ նահանգ

Կոլումբիայի շրջանում գտնվող Վաշինգտոն քաղաքը ամերիկյան Կոնգրեսում ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ, որը ձայնի իրավունք չունի։

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

Ինչո՞ւ հանկարծ որոշեցի անդրադառնալ այս թեմային։ Առիթը շատ կոնկրետ է՝ անցած շաբաթվա վերջին ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատը քվեարկեց մի օրինագծի օգտին, որով երկրի նահանգների թիվն ավելանալու է մեկով, և այդ մեկ լրացուցիչ նահանգը, այո, մայրաքաղաք Վաշինգտոնն է։ Ամերիկյան դրոշի վրա ևս մեկ աստղ ավելացնելու օգտին քվեարկեց 232 կոնգրեսական, դեմ քվեարկեցին նիստին ներկա բոլոր հանրապետականները՝ 180 մարդ։

Հիմա կասեք՝ լավ, կորոնավիրուսի այս պայմաններում, երբ Ամերիկան համավարակից ամենատուժած երկրներից մեկն է, մի՞թե ժամանակն է զբաղվել մեկ լրացուցիչ նահանգ ավելացնելու հարցով, մանավանդ որ այդ գործընթացը հեռանկար չունի։ Հետո ինչ, որ պառլամենտի Ստորին պալատն է քվեարկել մայրաքաղաք Վաշինգտոնը 51-րդ նահանգ դարձնելու օգտին, Սենատը, որտեղ գերիշխում են հանրապետականները, երբեք չի հաստատի այդ օրինագիծը, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մայիսին էր հայտարարել՝ վետո եմ դնելու։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

Բայց ախր հենց կորոնավիրուսն էր պատճառը, որ վերսկսվեցին պատգամավորների ջանքերը՝ Վաշինգտոնը լիիրավ նահանգ ճանաչելու համար։ Տեսեք։ Վերջին անգամ այդ հարցը Կոնգրեսում բարձրացվեց 1993 թվականին, բայց այն ժամանակ հանրապետականները անմիջապես էլ արգելափակեցին օրինագիծը, և դրանով ամեն ինչ ավարտվեց։ Հիմա առիթը կա։ Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամերիկյան կառավարությունը բոլոր 50 նահանգներին հատկացրել է 1,2 միլիարդ դոլար, այնինչ Վաշինգտոնին՝ ավելի քան երկու անգամ պակաս՝ ընդամենը 500 միլիոն դոլար։ Հիմա կասեք՝ դե լավ, այնքան էլ մեծ քաղաք չէ Վաշինգտոնը, նահանգների հետ չես կարող համեմատել։ Ոչ, այդպես չէ։ Կոլումբիայի շրջանում, որտեղ գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնը, բնակվում է մոտ 700 հազար մարդ, իսկ դա գերազանցում է Վերմոնտ և Վայոմինգ նահանգների բնակչությանը։ Եվ ուրեմն Վաշինգտոնի բնակիչն իրավացիորեն կարող է հարց բարձրացնել՝ ինչու վերմոնտցին կամ վայոմինգցին ինձանից երկու անգամ լա՞վն են, որ իրենց ավելի քան երկու անգամ ավելի շատ եք փող հատկացնում։

Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր

Նոր նահանգի ստեղծման նախաձեռնողները նույնիսկ այդ նահանգի նոր անունն են հնչեցրել՝ «Վաշինգտոնի և Դագլասի համագործակցության» նահանգ։ Առաջին հայացքից բավական տարօրինակ անուն է, բայց նախաձեռնողները բացատրում են՝ դե, Ջորջ Վաշինգտոնը Ամերիկայի առաջին նախագահն է եղել, և հենց իր անունով էլ կոչվել է մայրաքաղաքը, իսկ Ֆրեդերիկ Դագլասն այն սևամորթն էր, որը սկսեց պայքարը ստրկության դեմ։

Նահանգի այս անունն, ի դեպ, շատ խորհրդանշական է, որովհետև ըստ վերջին մարդահամարի, սևամորթները կազմում են Վաշինգտոնի բնակչության գրեթե կեսը՝ 46 տոկոսը։ Հենց սա էլ վախեցնում է հանրապետականներին, որովհետև աֆրոամերիկացիներն ավանդաբար քվեարկում են իրենց իրավունքների պաշտպան համարվող դեմոկրատների օգտին։ Վաշինգտոնում այլևս չեն էլ հիշում, թե երբ են վերջին անգամ հանրապետական քաղաքապետ ունեցել, տասնամյակներ շարունակ բոլոր քաղաքապետները դեմոկրատ են եղել։

Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

Հենց սա էլ վախեցնում է հանրապետականներին՝ եթե ստեղծվեց նոր նահանգ, իրենց դիրքերը թուլանալու են։ Դոնալդ Թրամփը, որը միշտ փայլել է իր անկեղծությամբ, անցած ամիս «Նյու Յորք փոստ» թերթին տված հարցազրույցում բացեիբաց ասել է. «Ինչու եմ ես դեմ նոր նահանգի ստեղծմանը։ Որովհետև մենք կունենանք ևս երկու դեմոկրատ սենատոր ու ևս 5 դեմոկրատ կոնգրեսական Ստորին պալատում։ Չէ, շնորհակալ եմ։ Չի լինելու նման բան, ես թույլ չեմ տա»։

Ինչպես տեսնում եք, չնայած ուրբաթ օրվա քվեարկությանը, դժվար թե Վաշինգտոնը հռչակվի 51-րդ նահանգ, իսկ մայրաքաղաքի բնակիչները կշարունակեն իրենց ավտոմեքենաների համարանիշների վրա գրել՝ «Taxation without representation», այսինքն՝ հարկեր մուծում ենք, բայց Կոնգրեսում ներկայացված չենք։

«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի