«Պատճառ չունեմ չգնալու». ԱԺ նախկին պատգամավորին հրավիրել են ԱԱԾ

Ըստ Հակոբյանի` իրեն ԱԱԾ են կանչել Սահմանադրական դատարանի դիմաց հնչեցրած ելույթի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հենց Հակոբյանը` հավելելով, որ ԱԱԾ– է ներկայանալու 14:00-ին։

«Պատճառ չունեմ չգնալու, բայց դեռ չեմ որոշել` մենակ կգնամ, թե փաստաբանի հետ»,–ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ ԱԱԾ հրավիրելու պատճառը երեկ ՍԴ–ի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ իր ելույթն է, որի համար էլ կանչել են պարզաբանումներ տալու։

Իշխանությունը փորձում է ոչ թե աջակցել դատական համակարգին, այլ դարձնել այն վերահսկելի

Հիշեցնենք` երեկ ՍԴ–ի դիմաց Հակոբյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես արել է նա։

«Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Կարծում եմ` ՍԴ-ն այն մարմինն էր, որ իսկապես կարողացավ այս մեկ տարին կանգնել, մարդավարի պայքարել իշխող ուժի դեմ: Այսօր մենք պետք է վարձահատույց լինեինք, որովհետև իշխող ուժը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շատ ցինիկորեն, հակաօրինական ձևով հարձակվել է ՍԴ-ի վրա։ Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը»,- ասել էր Հակոբյանը:

Հիշեցնենք` երեկ ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը

Երեկ քաղաքական, հասարակական մի շարք գործիչներ, իրավաբաններ ակցիա էին կազմակերպել Սահմանադրական դատարանի մոտ:

Հայտնի է` ով ժամանակավորապես կփոխարինի Հրայր Թովմասյանին