ՌԱԴԻՈ

Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը նշում է, որ կորոնավիրուսի պատճառով հայկական գինիների արտահանման ծավալները կիսով չափ կրճատվել են։
Sputnik

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ընթացիկ տարին խաղողի բերքի առումով ոչ միայն առատ է լինելու, այլև առկա է բարձր որակի բերք, հետևաբար տարին այդ առումով իսկապես աննախադեպ է։

Խաղողի բերքն առատ կլինի, լրացուցիչ վարկ կտրամադրվի. նախարարն ու գինեգործները հանդիպել են

«Չնայած այդ հանգամանքին` համավարակի պատճառով ի հայտ են եկել լուրջ խնդիրներ, որոնք կարող են վնաս հասցնել մթերման ու իրացման աշխատանքներին։ Մենք չենք կարողացել իրացնել անցյալ տարվա ծավալների նույնիսկ 30 տոկոսը, ինչը նշանակում է, որ տարաները լիքն են, և որակի առումով խնդիր կառաջանա, եթե փորձենք վերցնել ողջ բերքը, այլ ոչ թե այնքան, որքան անհրաժեշտ է»,– նշեց նա։

Հարությունյանի համոզմամբ` քանակի խնդիր չի առաջանա, եթե փորձեն բերքը վերածել սպիրտի, բայց դրա համար անհրաժեշտ է լուծել երկու հարց։ Նախ` կառավարությունը պետք է աջակցի գինեգործներին և թույլատրի անխտիր բոլորին արտադրել կոնյակի սպիրտ, ինչն այժմ հնարավոր չէ բարձր տուրքի պատճառով, և երկրորդ` կառավարությունը պետք է թորման աշխատանքների համար անհրաժեշտ գազի շուրջ բանակցություններ վարի «Գազպրոմ Արմենիայի» հետ, որպեսզի վճարումների ժամկետները երկարաձգվեն ու այդ նպատակով ձևակերպվեն համապատասխան վարկեր։

Եղեգնուտում կրքերը բորբոքվել են. գյուղացիները դեմ են նախկին համայնքապետի վերադարձին

«Ինչ վերաբերում է մթերմանը, ապա այստեղ կա երկու խնդիր։ Ազատ տարաներ չունենք մթերելու, որովհետև անցյալ տարվա բերքի միայն 30 տոկոսն է իրացվել, հետևաբար այս տարվա ամբողջ ծավալների համար տեղ չի լինելու, և երկրորդ` մթերումն ամբողջականորեն իրացնելու համար համապատասխան գումարներ չեն լինելու։ Վերջին հանգամանքի հետ կապված էկոնոմիկայի նախարարը հանդիպել է մարդկանց և խոստացել, որ ամեն ինչ լավ կլինի, մթերումների հետ կապված կտրամադրվեն երկամյա անտոկոս վարկեր, կլինի սուբսիդավորում, և հին վարկերը, որոնց մարման ժամկետները լրանում են աշնանը, կերկարաձգվեն առնվազն երեք ամսով։ Այդ ամենն ինչ խոսք դրականորեն կազդի սեզոնի վրա»,– նշում է Գինու ազգային կենտրոնի նախագահը։

Հարությունյանի խոսքով`համավարակի պատճառով հայկական գինիների արտահանման ծավալները կրճատվել են կիսով չափ։ Ըստ նրա` այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք, թե որքանով կհաջողվի Ռուսաստանին վերականգնվել, վերաբացել իր շուկաները, որքանով այնտեղ կբարձրանա բնակչության վճարողունակությունը, որովհետև հայկական գինու 75 տոկոսն ու կոնյակի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստան։

Ոչխարի պանիր և մոցարելա․ Արթուր Մարտիրոսյանը որոշել է Իրկուտսկը պանրային քաղաքի վերածել