ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ։ Տեղեկությունը հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունը։
«Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ։ Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, որի Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է ավելի քան 12 տարի։
ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն` դադարել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք` երեկ ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։
Երեկ քաղաքական, հասարակական մի շարք գործիչներ, իրավաբաններ ակցիա էին կազմակերպել Սահմանադրական դատարանի մոտ:
ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը