Քնել մեքենայում, ուտել ինչ պատահի. Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները հուսահատված են

Ինչպես և նախորդ դեպքում Վերին Լարս ժամանած ՀՀ քաղաքացիները պնդում են, որ այստեղ են գումար չունենալու պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Մեքենայում քնել, ուտել ձեռքի տակ ընկածը, իսկ ավելի կոնկրետ` գրպանին հարմարը, ապրել տարրական սանիտարահիգիենիկ կանոնների բացակայության պայմաններում։ Արդեն 13 օր է, ինչ մոտավորապես նման իրավիճակում են հայտնվել ՀՀ 25 քաղաքացի, որոնք ռուսական կողմից Վերին Լարս են հասել։

Նրանց թվում 8 և 13 տարեկան երեխաներ, ինչպես նաև 6 կին կա։ Նրանցից մեկն առողջական խնդիրներ ունի։ Մեր հայրենակիցները նման իրավիճակում հայտնվելու պատճառը գումարի բացակայությունն է։

Ավելի քան 20 հայ մնացել են «Վերին Լարսում». այդ թվում՝ կանայք և երեխաներ

«Քնում ենք մեքենաներում, սնվում, ինչով կարող ենք։ Հունիսի 30-ին Մինվոդիից չարտերային չվերթ է իրականացվելու, որը կարող է հայրենիք` Հայաստան, հասցնել։ Սակայն տոմսերը դեռ միայն ամրագրված են, դրանք դեռ պետք է գնել։ Եթե մինչ այդ կարողանանք գումար գտնել, կգնենք», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Լարսում մնացած հայերից մեկը` Արթուրը։

Տղամարդն արդեն 10 տարի է, ինչ Մոսկվա արտագնա աշխատանքի է մեկնում և միշտ էլ գոհ է եղել։ Սակայն ամեն ինչ փոխվեց համավարակից հետո։ Խնդիրները սկսվեցին կարանտինից. Արթուրը, ինչպես և մեր մի շարք այլ հայրենակիցներ, Ռուսաստանում անգործ մնացին, իսկ դա  նշանակում է` նաև առանց սնունդի և առանց գումարի։

Ահա այդ պատճառով էլ եկել է անցակետ, թեև գիտեր, որ սահմանը փակ է։ Ասում է, որ կարևոր չէ, որտեղ մնալ, երբ գործ չկա։

Իմ ու Արթուրի զրույցին միացավ Միսակը (անունը փոխված է), նա Վերին Լարսում բոլորից երկար է սպասում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղամարդը  նշեց, որ երեք ամիս Ռուսաստանում անգործ է եղել։ Նա պարզապես այլ ելք չի ունեցել, այդ պատճառով որոշել  է վերադառնալ։

Միսակը նշեց, որ սննդի հարցում նրանց օգնել են մերձակա գյուղերի բնակիչները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։

«Բայց ինչքա՞ն նրանք կարան օգնեն», – ասաց Միսակը։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը նշեց, որ մեր հայրենակիցները հույս ունեին, որ Վրաստանը հուլիսի 1-ին կբացի սահմանը, սակայն նման բան, ըստ ամենայնի, տեղի չի ունենա։ Մոտ 8 մարդ արդեն իսկ համաձայնել է ավիատոմս գնել և Հայաստան մեկնել առաջիկա Մինվոդի–Երևան չվերթով, որը նախատեսված է հունիսի 30-ին։

Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վրաստանում մարտից օտարերկրյա քաղաքացիների  համար մուտքի արգելք է գործում։ Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

ՀՀ ԱԳՆ–ն բազմիցս նշել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով սեփական ավտոմեքենաներով վերադառնալ  միայն Վրաստանի կառավարության որոշման չեղարկումից հետո։