«Լիրիկա» էր բերել կալանավորին. պլաստմասսե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը կանխվել է

Թմրամիջոց հանդիսացող նյութի հայտնաբերումը իրականացվել է ամիսներ առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է պլաստմասե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը։ Հայտնում են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից։

«Նուբարաշենի» կալանավորներից մեկը ձեռքերը ծալած չի նստել ու թմրանյութի իրացմամբ է զբաղվել

«Հունիսի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացի Ա․ Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Մ․-ի համար բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեկտեղված, ընդհանուրը 80․89 գրամ քաշով 7 պլաստմասե բաժակներ՝ յուրաքանչյուրի հատակային հատվածում քողարկված պրեգաբալին տեսակի (լիրիկա) թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ թմրամիջոց հանդիսացող նյութի հայտնաբերումը հերթական անգամ իրականացվել է ամիսներ առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

Թմրանյութեր, ոսկյա զարդեր, հեռախոսներ. ՊԵԿ-ը բացահայտել է մաքսանենգության 51 դեպք

Հիշեցնենք, 2020 թվականի հունվարի 5-ին արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել էին թմրամիջոցի փոխանցման նմանատիպ դեպք։