ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում խոսեց ընդունելության քննությունների անցկացման կարգի մասին և հայտարարեց, որ քննական կենտրոններում ծառայություն կանցկացնեն ոստիկանները՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար։
«Մենք շատ խիստ միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի կարողանանք անցկացնել այս մեկ քննությունը։ Այս տարի պետք է հրաժարվենք բարեկամներով, հարևաններով, ընկերներով քննական կենտրոն գնալուց։ Քննական կենտրոններում որևէ մեքենա չի կայանելու, ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանելու, որպեսզի խստորեն պահպանվեն հակահամաճարակային կանոնները»,-ասաց նախարարը։
Հարությունյանը հիշեցրեց, որ այս տարի քննություն կանցկացվի մեկ փուլով։ Քննության օրերն արդեն նշանակված են։
Քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին (օտար լեզուներ), հուլիսի 4-ին (հայոց պատմություն, աշխարհագրություն և քիմիա), հուլիսի 6-ին (մաթեմատիկա), հուլիսի 8-ին (հայոց լեզու և հայ գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա):
«Դիմորդները կստանան տեղեկատվություն, թե որ քննական կենտրոններում են հանձնելու քննությունները։ Ուշադիր եղեք ձեր էլեկտրոնային փոստերին»,-ասաց նախարարը։
Հարությունյանը շեշտեց, որ ջերմություն ունեցող դիմորդները քննություններին չեն մասնակցի։ Բացառություն կկազմեն այն դիմորդները, որոնք ունեն առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված` մշտապես ունենում են բարձր ջերմություն կամ ջերմության տատանումներ։
«Նման դեպքում դիմորդները պետք է տեղամասային պոլիկլինիկայից հիվանդության հիմնավորմամբ թուղթ ներկայացնեն, որից հետո միայն կկարողանան մասնակցել քննությանը»,-ասաց Հարությունյանը։
Ընդունելության հեռավար քննության դեպքում օբյեկտիվորեն գնահատելու աստիճանը կնվազի. ռեկտոր
Քննության մասնակիցները կստանան հատուկ ախտահանված գրիչներ, որոնք քննության ավարտից հետո պետք է գցեն հատուկ տարաների մեջ, որպեսզի դրանք կրկին ախտահանվեն։
Հիշեցնենք` այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա՝ հնարավորինս նվազեցնելով ընդունելության քննությունների մասնակիցների թիվը, որպեսզի հնարավոր լինի ապահովել սանիտարահիգենիկ պայմաններն ու անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը:
Այս տարի դիմորդները քննություն կհանձնեն այն առարկաներից, որոնք, կախված մասնագիտության առանձնահատկությունից` առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար:
Աշակերտներին նման «լավություն» պետք չէ. քննությունները հանելն անարդարություն է. փորձագետ