Ինչպես կարող էին COVID-19–ով մեր հիվանդների տվյալները հայտնվել ադրբեջանցի հաքերների մոտ

Սա վերջին ամսում արդեն երկրորդ դեպքն է, երբ կորոնավիրուսով հիվանդների տվյալները հայտնվում են ադրբեջանցի հաքերների տիրապետության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի –Sputnik. Ադրբեջանցի հաքերների մոտ կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների տվյալները հայտնվելու հարցով զբաղվում են իրավապահները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում  հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նրա խոսքով` հստակ հայտնի է, որ ենթադրյալ արտահոսքը տեղի չի ունեցել արտակարգ դրության շրջանում քաղաքացիներին վերահսկող հավելվածից։

ՀՀ իրավապահները պարզում են ադրբեջանցիների հրապարակած տվյալների աղբյուրը. Փաշինյանի խոսնակ

Նշենք, որ Հայաստանում օրենքով թույլատրվում է հատուկ բջջային հավելված օգտագործել, որը թույլ է տալիս տեղորոշել COVID-19–ով պացիենտների գտնվելու վայրը և պարզել այն կոնտակտները, որոնց հետ նա կապ է հաստատել (բայց ոչ հեռախոսազրույցի բովանդակությունը)։ Հավելվածը ենթադրում է նաև բաժանորդների առողջական վիճակի մասին տվյալների հավաքագրում, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալների։

Հիշեցնենք`  նախօրեին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հաքերները երկրորդ անգամ հրապարակել են կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների տվյալները։ Այս անգամ երկու ֆայլով հրապարակել էին կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ` անուններ, հասցեներ և բջջային հեռախոսահամարներ, սակայն անձնագրային տվյալներ չկային։ Երկու շաբաթ առաջ ադրբեջանցի հաքերները հրապարակել էին կորոնավիրուսով վարակված շուրջ 3500 հայի, ինչպես նաև նրանց հետ շփում ունեցած քաղաքացիների տվյալներ։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների տվյալները ենթադրաբար ադրբեջանցի հաքերների ձեռքը ընկել են էլեկտրոնային փոստերը կոտրելու միջոցով։

 «Նույն հաքերներն են։ Երկու ֆայլ էր հրապարակվել, մեկում` ավելի քան 900 մարդու տվյալներ, երկրորդում շուրջ 50», – ասաց Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետի խոսքով` ամենայն հավանականությամբ, տվյալները որոշ մարդկանց կողմից փոխանցվում են անհատական էլեկտրոնային հասցեներով, որոնք էլ պակաս պաշտպանված են, քան պետականները։

Ադրբեջանցիները վերջին ամիսներին փորձարկում են ապատեղեկատվության նոր մեթոդներ. Մարտիրոսյան

Երկու արտահոսքերի հետ կապված մանրամասներ պարզելու համար Sputnik Արմենիան կապ հաստատեց ԱԱԾ–ի հետ։ ԱԱԾ–ի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ արտահոսքերի վերաբերյալ հարցը դեռ ուսումնասիրման փուլում է։ 

Հունիսի 25–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի թիվն 22 488 է։ Անցած մեկ օրվա ընթացքում վարակման  771 նոր դեպք է բացահայտվել։ Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 397 մարդ։