ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկայի ստեղծումը, ինչը պնդում են Հայաստանն ու Բելառուսը, հնարավոր է միայն ինտեգրման վերջնական փուլում։ Sputnik PRO–ի «Աշխարհը համավարակից հետո. ինչ կցանկանա իմանալ լսարանը» վեբինարի ընթացքում այս համոզմունքը հայտնեց «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի զարգացման և աջակցման հիմնադրամի գիտական աշխատանքի գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։
«Ցավոտ հարց է։ Իհարկե ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքականության մեջ առկա չարչիության ոգին (շնորհակալություն Դոնալդ Թրամփին, որ նոր մակարդակի հասցրեց) ազդում է բոլորի վրա։ Կարծում եմ, որ էներգակիրների միասնական շուկայի հարցն ամենասուրը կլինի», – ասաց Լուկյանովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ըստ նրա` օբյեկտիվ հանգամանքների բերումով դա ինտեգրման որոշակի կուլմինացիա է։ Ռուսաստանը դրան կգնա այն դեպքում, երբ ակնհայտ կլինի, թե այլ ինչ օգուտներ է ստանում այս ինտեգրումից։
«Այդ ժամանակ կարող է հրաժարվել այն օգուտներից, որոնք տալիս են էներգակիրները։ Սակայն դրանից մենք դեռ շատ հեռու ենք։ Քաղաքական լուրջ որոշում կպահանջվի», – նշեց Լուկյանովը։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին հայտարարեց, որ Երևանն ու Մինսկը չեն ընդունում գազի գնի ձևավորման վերաբերյալ ԵԱՏՄ երկրների առաջարկած ընդհանուր բանաձևը։ Նա նշեց` Երևանն ու Մինսկը պնդում են, որ ԵԱՏՄ–ում գազի միասնական սակագներ ստեղծվեն։
Ավելի ուշ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է նույն գնով էներգակիրներ վաճառել ԵԱՏՄ բոլոր երկրներին, ամբողջ հարցը տեղափոխումն է։
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարից։ ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։