ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի որոշ քաղաքացիներ միտումնավոր են խախտում արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված պարտադիր կանոնները՝ դիմակ չեն դնում, անձը հաստատող փաստաթուղթ ոստիկաններին չեն ներկայացնում: Իսկ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և դրա արդյունքում բերման ենթարկվելու պարագայում, համացանցում այդ գործողությունները ներկայացվում են որպես բռնություն քաղաքացու նկատմամբ: Այսօրինակ դեպքերին այսօր անդրադարձել է նաև ոստիկանության պաշտոնական կայքը:
«Որոշ ԶԼՄ-ներ և օգտատերեր համացանցում տեսանյութեր են հրապարակում՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանության ծառայողներն ուժ գործադրելով անձանց բերման ենթարկում՝ իբր դիմակ չդնելու համար։ Որոշ դեպքերում միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները, որոնց նախորդած իրադարձությունները տեղ չեն գտնում այդ տեսանյութերում»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը նաև տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 25-ին ԶԼՄ-ներով տարածված նման մի տեսանյութից առաջ։ Թե արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար բերման ենթարկված քաղաքացիների ընդհանուր թվում ինչ տոկոս են կազմում սադրիչները, ոստիկանությունն առանձին վիճակագրություն չի վարում: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայտնի է միայն, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 48 005 արձանագրություն: Իրավախախտման 1395 դեպք հայտնաբերվել ու արձանագրվել է միայն վերջին մեկ օրվա՝ հունիսի 25-ի ընթացքում:
Ի դեպ, նշենք, որ նմանօրինակ մի դեպք էլ այսօր տեղի է ունեցել ՀՀ ՍԴ շենքի բակում հավաքված մեծ թվով լրագրողների ու տեսախցիկների ներկայությամբ: Բերման ենթարկվողը Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էր: Անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու ոստիկանների պահանջին Աղեկյանը պատասխանեց, որ անձնագիր չի պահում՝ միտումնավոր:
«Քանի որ Փաշինյան ազգանունով մեկը ասաց՝ պարտադիր է, այլևս չեմ պահում»,- ասաց նա: Իսկ դիմակ Աղեկյանը չի դնում, որովհետև, իր խոսքով, վստահ չէ, որ դրանք ախտահանված են:
Ո՞ր դեպքում պետք է կտորե դիմակ դնել, կամ ինչպես ճիշտ ընտրել այն
«Թող բերեն ցույց տան, որ հաստոցներից հետո այդ դիմակն ախտահանման գործընթաց է անցնում»,- լրատվամիջոցներին հայտարարեց նա:
Ի դեպ, պարետի որոշումը խախտելու մասին ոստիկանների զգուշացմանն էլ Սոնա Աղեկյանն արձագանքեց. «Ես չեմ խախտել: Ցույց տվեք ինձ ՀՀ Սահմանադրության այն հատվածը, որտեղ ասված է, որ ես պարտավոր եմ ենթարկվել պարետի որոշմանը»:
Ոստիկանը պարզաբանեց, որ դիմակ չդնելով Աղեկյանը խախտել է պարետի որոշումը, ինչի համար պետք է կազմվի վարչական իրավախախտման արձանագրություն: Իսկ քանի որ այն կազմելու համար քաղաքացին անձնագիր չունի, պետք է ներկայացվի ոստիկանության բաժին՝ ինքնությունը պարզելու ու արձանագրություն կազմելու համար:
Շուրջ 10 րոպե տևած տարբեր քաղաքական հայտարարություններից ու ոստիկանների հետ վիճաբանությունից հետո Աղեկյաննի վերջո ենթարկվեց նրանց պահանջին ու նստեց ոստիկանության ավտոմեքենան:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10,557 (-68) մարդ, կատարվել է 105,046 (+2310) թեստավորում, առողջացել են վարակվածներից 12,149–ը (+814)։ Գրանցվել է մահվան 410 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 131։