Ավելի քան 20 հայ մնացել են «Վերին Լարսում». այդ թվում՝ կանայք և երեխաներ

Չնայած ԱԳՆ կոչերին և Վրաստանի կառավարության՝ սահմանը փակ լինելու հայտարարություններին, ՀՀ քաղաքացիները «Վերին Լարսով» սահմանը հատելու հույսը չեն կորցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ շուրջ 25 քաղաքացի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, արդեն 10 օր է, «Վերին Լարսում» են (ռուսական կողմից) և սպասում են սահմանը հատելու թույլտվության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

«Նրանց թվում 6 կին և երկու անչափահաս երեխա կան։ Մենք խորհրդատվություն ենք տրամադրում նրանց»,–պարզաբանեց Թանանյանը։

Նրա խոսքով` 8 հոգի արդեն համաձայնել են տոմս ձեռք բերել և Հայաստան մեկնել առաջիկա` Մինվոդի–Երևան չվերթով, որը նախատեսված է հունիսի 30-ին։

Թանանյանը նշեց, որ մեր հայրենակիցները հույս ունեին, որ հուլիսի 1-ին Վրաստանը կբացի սահմանը, սակայն դա ըստ ամենայնի տեղի չի ունենա։ Կցորդը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։

Փողը վերջացել է, իսկ ինքնաթիռի համար հերթ է․ ինչպես են հայերը գոյատևում Վերին Լարսում

Թանանյանի խոսքով`սահմանները բացելու մասին նախևառաջ կհայտարարի հայկական կողմը։ Նա նշեց, որ մեր հայրենակիցներից շատերն են հետաքրքրվում, թե արդյոք սահմանները բացվել են։

«Ես նրանց կոչ եմ անում անցակետ չժամանել, բացատրում եմ, որ սահմանը փակ է, լինում է այնպես, որ լսում են»,–ասաց պաշտոնյան։

Մաքսային կցորդը տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի հետ կապված անցակետում մնացած քաղաքացիների հարազատներն ու մտերիմները կարող են  նրանց համար ավիատոմս ձեռք բերել։

«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Վերին Լարսում ֆիզիկական զննում չլինի». Փաշայան

Նշենք, որ մայիսի սկզբին 38 ՀՀ քաղաքացի մնացել էին «Վերին Լարսում» ռուսական կողմից։ Նրանք պահանջում էին, որպեսզի իրենց թույլ տան հայրենիք վերադառնալ, քանի որ ավիատոմս ձեռք բերելու համար գումար չունեին։

Այդ ընթացքում նրանց օգնում էին (սնունդ, գիշերակաց) ինչպես ռուս սահմանապահները, այնպես էլ տեղի հայերը։

Չնայած ՀՀ ԱԳՆ հորդորներին, մեր հայրենակիցները անցակետը չէին լքել։ Բացառության կարգով մայիսի 28-ին նրանց դուրս բերեցին ՀՀ կառավարության տրամադրած երեք ավտոբուսներով։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վրաստանում մարտից օտարերկրյա քաղաքացիների  համար մուտքի արգելք է գործում։ Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

Վերին Լարսում 35 ՀՀ քաղաքացիներ կան. նրանք հրաժարվում են Հայաստան վերադառնալ ինքնաթիռով

«Կազբեգի»-«Վերին Լարս» սահմանային անցման ճանապարհը Հայաստանը  Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային ուղին է:

ՀՀ ԱԳՆ–ն բազմիցս նշել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով սեփական ավտոմեքենաներով վերադառնալ  միայն Վրաստանի կառավարության որոշման չեղարկումից հետո։