«Ստիպված եմ հիասթափեցնել». ԼՀԿ–ական պատգամավորը` ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների

Տարոն Սիմոնյանը վստահեցնում է` հետ չեն կանգնելու իրենց հայտարարությունից, որ ՍԴ դիմելու են Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` ՍԴ ներկայացված դիմումից հրաժարվելը չի նշանակում, որ գործը չի քննվելու այդ օրը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` անդրադառնալով Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթի ընդունումից հետո այսօր Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ հետ են վերցնում ՍԴ ներկայացրած երկու դիմումները։ Մինչ այդ ԼՀԿ–ական պատգամավորները հայտնել էին, որ սահմանադրական փոփոխությունների առնչությամբ ՍԴ չեն դիմի այնքան ժամանակ, մինչև Քոչարյանի գործը քննվի ՍԴ–ում։

Այժմ չկան շահարկումներ, դե տեսնենք` ինչ են անելու. Վարդևանյանը` ԼՀԿ–ական պատգամավորներին

«Հարցն այն է, որ ՍԴ–ն է որոշում` այդ գործը քննի, թե ոչ։ Եթե Սահմանադրական դատարանն ասի, որ Քոչարյանի գործը չի քննելու, մեր ասածն ուժի մեջ է` մենք կդիմենք ՍԴ։ Քոչարյանի պաշտպաններն իրենց քայլով ուզում են ՍԴ–ի շուրջ կատարվող գործընթացը մտցնել քաղաքական դաշտ։ Եթե դա է նրանց ուզածը, ստիպված եմ հիասթափեցնել նրանց` մենք պատրաստ ենք մեր ասած պայմանից հետո մտնել ՍԴ, որպեսզի գործընթացը մաքուր իրավական լինի»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողները նշեցին, որ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասել է, որ իրենց` ՍԴ ներկայացված դիմումը հետ վերցնելով` այժմ Քոչարյանի գործի առնչությամբ շահարկում չկա, և կարծես թե նա գնդակը նետում է ԼՀԿ–ի դաշտ։ Ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ Վարդևանյանը դեռ ուսանողական տարիներից էր սիրում գնդակն իր դաշտ նետել, բայց դա լավ արդյունք չէր ունենում։ Սիմոնյանը նշեց` Վարդևանյանն իր լավ ընկերն է, սակայն նրան խնդրում է քաղաքականությունն իրավական գործընթացի հետ չշփոթել։

ՍԴ-ի հարցում հեղափոխական տրամաբանությունն է գերակայում․ Մարկեդոնով

Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ ՍԴ դիմելու համար իրենք ոչ թե ԲՀԿ դիմումին են միանալու, այլ նոր դիմում են գրում, որտեղ ներառվելու է նաև ԲՀԿ–ական գործընկերների պահանջը։

Հիշեցնենք` հունիսի 22-ին ԱԺ–ն Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ընդունեց, որն ուժի մեջ կմտնի հունիսի 26-ին։ ԲՀԿ–ն նույն օրը հայտարարեց, որ ստորագրահավաք է նախաձեռնում ՍԴ դիմելու համար, քանի որ նախագիծը հակասում է մայր օրենքին։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ երեկ հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ կայանա Քոչարյանի` ՍԴ ներկայացված և հենց այդ օրը նախատեսված հայցի քննությունը։

«Լուսավոր Հայաստանը» չարեց այդ քայլը և դարձավ «իշխանության նախագիծ»