ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. ՍԴ նախագահն ու ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը հանդես են եկել հայտարարությամբ։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հայտնել էր` սահմանադրական փոփոխությունների նախագծից պարզ է` ՍԴ դատավորի կամ անդամի պաշտոնից կհեռանան 12 տարի պաշտոնավարածները, այդ թվում` Ալվինա Գյուլումյանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015–ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005–ի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Ըստ հայտարարության` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել ՍԴ-ում և չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, իսկ ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:
Այժմ չկան շահարկումներ, դե տեսնենք` ինչ են անելու. Վարդևանյանը` ԼՀԿ–ական պատգամավորներին
«Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից»,–նշված է հայտարարության մեջ։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Facebook–ի իր էջում գրել էր, որ Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները վաղվանից ուժի մեջ կմտնեն։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:
Սա նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:
«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան