Քոչարյանի փաստաբանները սխալ են արել. Մարուքյան

Մարուքյանը պատրաստ է վաղն առավոտյան դիմում ներկայացնել ՍԴ, բայց որոշակի պայմանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Քոչարյանի փաստաբանները սխալ են արել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ ՍԴ-ից դիմումը հետ վերցնելու որոշումը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ստիպված եմ հիասթափեցնել». ԼՀԿ–ական պատգամավորը` ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների

«Ես եղել եմ փաստաբան, և երբեք իմ վստահորդի շահը չեմ ստորադասել որևէ մեկի շահին: Սխալ են արել Քոչարյանի փաստաբանները, որ դիմումը հետ են վերցրել: Դիմումը տվել եք, թող դատարանը քննի: Մենք էլ ենք այդ քննությանը սպասում: Թող քննի, որ սահմանադրական խախտումների, ՍԴ մարմինների միջև եղած վեճի հետ կապված խախտումների, և քաղաքական մեծամասնության կողմից թույլ տրված մնացած բոլոր խախտումների, ոտնձգությունների հետ կապված մենք հանգիստ կարողանանք իրավական գործընթաց սկսել»,- ասաց Մարուքյանը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին էլ Մարուքյանը կոչ արեց, եթե այդքան կարևորում է այդ գործը, նիստի օրը փոխել և այսօր նիստ գումարել, հենց հիմա քննել ու որոշումը հրապարակել:

Այդ պարագայում Մարուքյանը խոստացավ վաղն առավոտյան ժամը 9-ին իրենց խմբակցության անունից դիմումը ներկայացնել ՍԴ:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր լրագրողներին ասաց, որ դիմում է ներկայացրել ՍԴ, որով հրաժարվել է Քոչարյանի գործով Սահմանադրական դատարան ուղղված 2 դիմումներից, քանի որ այն քաղաքական շահարկումների առարկա է դարձել: Վարդևանյանի ձևակերպմամբ՝ ԼՀԿ–ական պատգամավորները խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց որևէ գործողություն չեն կատարում։

Այժմ չկան շահարկումներ, դե տեսնենք` ինչ են անելու. Վարդևանյանը` ԼՀԿ–ական պատգամավորներին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ երեկ հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ կայանա Քոչարյանի` ՍԴ ներկայացրած և հենց այդ օրը նախատեսված հայցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումները հետ կվերցվեն. Արամ Օրբելյան

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Հունիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրին, որ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվել էր երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Փաշինյան-Քոչարյան հանդիպումը դատարանում հետաձգվում է մինչև սեպտեմբեր