Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին

Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի կանխատեսումներին, թե շուտով Հայաստանում սով է սկսվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հայաստանում սով չի եղել ու չի լինելու. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ տնտեսության վիճակը շատ վատ է և շուտով սով կսկսվի։

Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան

«Կարծում եմ` Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում և ինքն իր ամառանոցում իրականությունից շատ հեռու է։ Միգուցե Ծառուկյանին նամակներ գրող երդումներով մարդկանց վախեցնում են աշխատանքից ազատումով և նրանց մոտ սովի վտանգ կա»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` 2-3 ամիս անց Ծառուկյանին կարող են հարցնել, թե ո՞ւր է նրա կանխատեսած սովը։ Սիմոնյանը նշեց` քաղաքական դիսկուրսը, որը հիմնված է կորոնավիրուսի վրա, ինչն անընդունելի է, շուտով կավարտվի։

Հիշեցնենք, որ դեռ հունիսի 14-ին, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Գագիկ Ծառուկյանի տունը, նա լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ երեք ամիս հետո սով է լինելու, համաճարակը չի կանգնելու՝ մինչև գլոբալ խնդիրները չլուծեն։ Նույն օրը Ծառուկյանի դեմ 3 քրեական գործ հարուցվեց։ 

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, ըստ որի` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Կան մարդիկ, որ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու իրենց ուժը. Փաշինյան

Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ալեն Սիմոնյանը սպասում է Էդմոն Մարուքյանի ու Անի Սամսոնյանի ներողությանը

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: Նույն օրը ԱԺ–ն որոշեց ԲՀԿ առաջնորդին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի:

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Դատախազությունը հայտարարել է, որ այդ որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:

«Վստահ չեմ, որ ՍԴ այս նույն կազմը կքննի ԲՀԿ–ի դիմումը». Ալեն Սիմոնյան