Ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով վարակված հայաստանցիների անձնական տվյալները

Տեղեկատվական անվտանգության փորձագետը կարծում է, որ հայաստանցիների անունները, հասցեները և բջջային հեռախոսահամարները հաքերը ստացել են մարդկանց մեյլերը կոտրելով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված հայաստանցիների նոր տվյալներ են հրապարակել։ Տեղեկությունը հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ այս անգամ խոսքը մոտ 1000 մարդու մասին է։

«Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ՝ անունները, հասցեները և բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Մարտիրոսյանի խոսքով՝ արտահոսքի հետևում նույն նույն հաքերներն են, որոնք նախորդ անգամ ևս կորոնավիրուսով վարակվածների մասին տեղեկություններ էին հանրայնացրել:

Նթադրում եմ, նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում»,- պարզաբանել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ ընդամենը օրեր առաջ Մարտիրոսյանը ևս մեկ նմանատիպ հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ ադրբեջանական հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակված մոտ 3500 հայաստանցիների անձնական տվյալներ: Նա մտավախություն էր հայտնել, որ հնարավոր է նաև այլ տվյալներ էլ են հաքերների ձեռքն ընկել: