Որքա՞ն վարկ կտա Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին

ՀՀ ֆինանսների փոխնախարարը ներկայացրեց, թե կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ինչ քայլեր կարվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020–ի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Հրատապ հարցերը պահանջում են շտապ լուծումներ. ինչու է գործադիրը հրաժարվել ռուսական վարկից

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտնեց` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ՀՀ տնտեսական գործիքակազմը շատ ճկուն է և կառուցված է ավելի վատ սցենարների վրա։

«Արժույթի միջազգային հիմնադրամի դերակատարումը երկրում մակրոֆինանսական կայունության գնահատումն է երկրում, և անհրաժեշտության դեպքում նաև աջակցելը։ ԱՄՀ–ն, ընդհանուր առմամբ, մեզ տրամադրում է 315 մլն դոլար, որից 280 միլիոնն արդեն իսկ տնօրենների խորհուրդը հաստատել է և այդ գումարը Կենտրոնական բանկի հաշիվներում է»,–ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով` համաձայնագրի վավերացումից հետո ԿԲ հաշիվներում առկա գումարը կտեղափոխվի գանձապետական հաշիվ` որպես պետբյուջեի միջոցներ օգտագործելու համար։

Հայրապետյանը հայտնեց նաև, որ ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա սեպտեմբերին` ծրագրի հաջորդ վերանայման արդյունքում: Փոխնախարարը նշեց` եթե անհրաժեշտություն լինի, չի բացառվում նորից դիմեն ԱՄՀ–ին աջակցության համար։

ՀՀ կառավարությունը որդեգրել է վարկը վարկով մարելու գործելակերպը. Պարսյանը` ճգնաժամի մասին

Հիշեցնենք, որ հունիսի 10–ին հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% դրույքաչափով տոկոսադրույքը։