Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար

Հայաստանում անշարժ գույքի հարկերը տարիներ շարունակ շատ ցածր էին․ սովորական երևանյան բնակարանի համար տարեկան մոտ 15-20 դոլար էին վճարում։ Հիմա այդ հարկերն ուզում են բարձրացնել, առաջին հերթին՝ թանկարժեք առանձնատների համար։
Sputnik

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը, որով գույքահարկի բարձրացում է նախատեսվում։

«Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել

Ինչպե՞ս անել, որ հարուստներն ավելի շատ հարկեր վճարեն, իսկ մյուսները՝ ավելի քիչ։ Դրան հասնելու համար իշխանությունը որոշել է շեշտը դնել ոչ թե մարդու եկամուտների, այլ ծախսերի վրա։ Քանի որ եթե անգամ մենք հաջողացնենք ինչ-որ կերպ թաքցնել մեր եկամուտները, ապա վաղ թե ուշ դրանց հաշվին ինչ-որ բան կգնենք։ Հենց այդ «ինչ-որ բանի» հարկն էլ ուզում են ավելացնել։ Այդ նպատակով ընտրել են տները․ տունը հաստատ ոչ մի կերպ չես թաքցնի։

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի համաձայն՝ անշարժ գույքի նոր հարկերը ուժի մեջ կմտնեն 2021թ․-ից, բայց օրենքը պետք է ընդունեն կես տարի առաջ, այսինքն՝ բառացիորեն մոտ օրերս` մինչև հուլիսի 1-ը։ Բանն այն է, որ բնակարանատերերի մի մասի համար հարկը մեծանալու է։ Իսկ եթե օրենքը ծանրաբեռնվածություն է նախատեսում քաղաքացիների համար, ապա պետք է ուժի մեջ մտնի վեց ամսից ոչ շուտ։

Այս տրամաբանությունից ելնելով` իշխանությունն ուզում է եկամտահարկը նվազեցնել քաղաքացիների համար, շահութահարկը՝ բիզնեսի համար, փոխարենը բարձրացնել ծխախոտի և օղու ակցիզը, ինչպես նաև անշարժ գույքի հարկը, հատկապես՝ թանկարժեք անշարժ գույքի։ Անշարժ գույքի հարկը կաճի աստիճանաբար, չորս տարվա ընթացքում՝ 25-ական տոկոսով։ 2021թ․-ից հարկի բարձրացումը ուժի մեջ կմտնի 25%-ով, իսկ 2024թ․-ից՝ 100%-ով։

Այստեղ հարկերը միշտ ցածր են եղել

Տարիներ շարունակ Հայաստանում անշարժ գույքի համար շատ ցածր հարկ են մուծել։ Օրինակը ժամանակին ներկայացրել է Կադաստրի կոմիտեի արդեն նախկին պետ Սարհատ Պետրոսյանը։ Ազատության պողոտայում գտնվող խոշոր առանձնատունը` Երևանի և Արարատի տեսարանով, կադաստրում գրանցված է 350 միլիոն դրամ գնով, մինչդեռ իրականում արժե 2,8 միլիարդ դրամ, այսինքն՝ ութ անգամ թանկ։ Համապատասխանաբար այդ սուպերգույքի համար վճարված հարկն էլ է ութ անգամ փոքր եղել։

Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը

Անցած տարի վերանայեցին անշարժ գույքի կադաստրային գները, որոնց համապատասխան հաշվարկվում է հարկը։ Հիմա վերանայում են հենց հարկի չափը։

Առաջին հայացքից թվում է, թե հարկը նույնիսկ պակասում է։ Հիմա 1% հարկը ուժի մեջ է մտնում այն անշարժ գույքի համար, որի արժեքը 40 միլիոն դրամից բարձր է, իսկ նոր օրինագծի համաձայն` այդքան բարձր հարկ պետք կլինի վճարել միայն 100 միլիոնից սկսած։ Բայց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը նշում է, որ այստեղ պետք է մի կարևոր բան հստակեցնել։

2021 թվականից կփոխվի ոչ միայն հարկը, այլ նաև անշարժ գույքի գնահատման կադաստրային համակարգը։ Այսպիսով, բնակարանների գինը կգնահատվի շուկայական գներին շատ ավելի մոտ սանդղակով։ Բավական է նշել, որ հիմա բնակտարածքի (շինության) մեկ քառակուսի մետրի բազային գինը գնահատվում է 230 հազար դրամ երկաթբետոնե շինության և 255 հազար դրամ քարե շինության համար։ Իսկ նոր օրենքում որպես բազային թիվ հաստատվելու է 700 հազար դրամը։

«Բայց, բնականաբար, կկիրառվեն նվազեցնող գործակիցներ․ որտեղ է տեղակայված շինությունը, քանի տարվա է, ինչ նյութերից է կառուցված, ինչ նյութից է տանիքը։ Այսպիսով նոր կարգը ավելի ճշգրիտ կարտահայտի շուկայական գները»,-նշել է Ալավերդյանը։

Բացի այդ, եթե շենքի տարիքի համար նվազեցնող գործակիցներ են կիրառվում, դա մասամբ (թեև ոչ ամբողջովին) լուծում է կենտրոնի հին տներում ժառանգաբար ապրող երևանցի ընտանիքների հարցը։ Նրանց տների համար կիրառվում են նվազեցնող գործակիցներ՝ տարիքի և տանիքի համար (փայտե ծածկերի համար գործակիցն ավելի ցածր է, քան երկաթբետոնե ծածկերի համար, որոնք տեղադրված են նոր շենքերում)։ Արդյունքում նորակառույցների հարկն ավելի շատ կաճի, քան հին շենքերինը։

Հետաքրքիր է իմանալ

Մեզնից շատերին հետաքրքրում է ոչ միայն այն, թե որքան ենք ինքներս վճարելու, այլ նաև` որքան են վճարելու ամենահարուստները։ Ամենաթանկարժեք բնակարանների համար՝ 100 միլիոն դրամից (ավելի քանի 200 հազար դոլար) թանկ, հարկը կաճի միջինը չորս անգամ, իսկ ամենաթանկարժեք՝ 120 միլիոն դրամից (250 հազար դոլար) թանկ առանձնատների համար հարկը կաճի միջինը ավելի քան 11 անգամ։

Որոշ դեպքերում չափազանց թանկ բնակարանների և առանձնատների հարկը կաճի տասնյակ անգամներ․ օրինակ՝ Երևանում առանձնատուն կա, որի գույքահարկը կավելանա 181 անգամ։

Իհարկե, այդ առավելագույն թվերը վերաբերում են բացառիկ դեպքերին․ Հայաստանում մեկ-երկու նման տուն կա։ Իսկ ընդհանուր առմամբ անշարժ գույքի հարկը կավելանա 5-6 անգամ։

Շատ ցածր էր, կդառնա պարզապես ցածր

Սովորական տների և բնակարանների համար հարկը իրոք կարող է մի քանի անգամ աճել, բայց այդ համեմատությունից պետք չէ վախենալ։ Ցածր հարկը բարձր չի դառնա։ Ավելի շուտ՝ այն շատ ցածր էր, հիմա կդառնա պարզապես ցածր։

Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը

Օրինակ՝ այն բնակարանների համար, որոնց կադաստրային գինը (որի մասին խոսում էինք վերևում) կազմում է 10 միլիոն դրամ (20 հազար դոլարից մի փոքր շատ), հարկը կկազմի տարեկան մինչև հինգ հազար դրամ։ Իսկ այդպիսի բնակարանները քիչ չեն։ Հանրապետությունում եղած 431-432 հազար բնակարաններից մոտ 198 հազարն այդ գնի սահմաններում են (մարզերի բնակարանների գերակշռող մեծամասնությունը)։

10-25 միլիոն դրամ գնահատված բնակարանների (նման բնակարաններ կան նաև Երևանում) համար առավելագույն հարկը կկազմի 20 հազար դրամ, իսկ մինչև 47 միլիոն դրամ (մոտ 100 հազար դոլար) գնահատված բնակարանների համար՝ 64 հազար դրամ։

Բնականաբար, այս թվերը ոչ թե ամսվա, այլ տարվա կտրվածքով են։ Բացի այդ, այս բոլոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար։ Դրանք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն 2024 թվականից ։

Ինչքա՞ն գումար ենք ավելացնելու բյուջեին

Այս հարկային բարեփոխման ֆիսկալ արդյունքը սկզբում կկազմի 9 միլիարդ դրամ։ Իսկ 2024 թվականից, երբ նոր հարկային գործակիցները լիովին ուժի մեջ մտնեն, բյուջե մուտք կգործի տարեկան լրացուցիչ 37-38 միլիարդ դրամ։ Այս լրացուցիչ միջոցները թույլ կտան ավելի քիչ վարկեր վերցնել այլ երկրներից (որոնք հետո ինքներս էլ ստիպված ենք վճարել)։

Բիզնեսին ճգնաժամից փրկելու նոր տարբերակ. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը