Պտտահողմը Գեղանիստում 40 տան տանիք է պոկել

«Իմ քայլի» պատգամավորը կառավարությանը հորդորում է շինանյութով օգնել պտտահողմի հետևանքով անօթևան մնալու վտանգի առաջ հայտնված գեղանիստցիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում գրանցված պտտահողմի հետևանքով 40 տան տանիք է պոկվել։ Պատգամավորը հուսով է, որ կառավարությունը հրատապ լուծում կտա հարցին։

«Պտտահողմի հետևանքով Գեղանիստի բնակիչները վնասներ են կրել` տանիքներ են պոկվել, տան պատերն են քանդվել` չհաշված առաջացած այլ մանր խնդիրները։ Այդ տներն ապահովագրված չեն եղել, և, այո, կարող ենք ասել, որ կառավարությունն այստեղ անելիք չունի։ Սակայն կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի»,–ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` այս ժամանակահատվածում գյուղացիները զրկված են արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, բանկերը վարկեր չեն տալիս, իսկ շինանյութի խանութներն ապառիկ ապրանքներ չեն տալիս նրանց։ Ուստի Հովսեփյանը կարծում է, որ կառավարությունը պետք է շինանյութով աջակցի գյուղացիներին, որ նրանք իրենց գլխին տանիք ունենան։

Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

Պատգամավորը նշեց` դեռ չեն հասցրել լուծել Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևանների խնդիրը, հիմա էլ մի շարք մարդիկ նորից դրսում մնալու փաստի առաջ կարող են կանգնել։

Հանքափորների մահվան հետքերով. Մեղրաձորում շնչահեղձ են եղել մի գրամ ոսկու համար

Հիշեցնենք` Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ հունիսի 20-ի առավոտյան ժամը 11:15–իս սահմանում պտտահողմը լուրջ վնասներ է հասցրել բնակելի տներին և օժանդակ շինություններին։ Նա տեղեկացրել էր, որ վնասների գնահատման աշխատանքներ են իրականացնում։

Ուզում էին ճանապարհ փակել, բայց... ինչպե՞ս վճռվեց Հայաստանի 6 գյուղերի բնակիչների հարցը