«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» մտադիր է ՀՀ նախագահին վերադարձնել սահմանադրական նախագծի փաթեթը ստորագրելու իր լիազորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է` սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցում պայմանավորվածություն է եղել իշխանության և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև, որ վերջինս իր լիազորությունները զիջի։ Մարուքյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծին և դրա` նախագահի կողմից ստորագրվելու անհրաժեշտություն չունենալուն։

Հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Ըստ այդմ` կարիք չի լինի, որպեսզի նախագահը ստորագրի ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը։

ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը

«Մենք հանրապետության նախագահին դիտարկում են ոչ թե որպես անձ, այլ որպես ինստիտուտ։ Նախագահը պետք է վերահսկող ու հակակշռող լիազորությունն ունենա։ Ակնհայտ է, որ իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել, սակայն չի նշանակում` դա ընդունելի է մեզ համար։ Ուստի, մենք ՍԴ դիմելիս վիճարկելու ենք նաև այդ հանգամանքը»,–ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` երբ սահմանդիրը որոշել է, որ նախագահը պետք է ստորագրի սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը, ուրեմն դրա մեջ որոշակի իմաստ կա։ ԼՀԿ–ն մտադիր է այդ լիազորությունը վերադարձնել նախագահին։

Բացի այդ, Մարուքյանը նշեց նաև, որ կարծում են` սահմանադրական փոփոխությունների փաթեթն այնպես, ինչպես ընդունված է, չի անդրադառնում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա, և նա չպետք է հեռանա պաշտոնից։

Նշենք, որ այսօր ԼՀԿ–ն հայտնել էր` ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ Սահմանադրական դատարան կդիմեն, երբ կավարտվի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ում նախատեսված նիստը։

ՍԴ–ն չի կարող քննել իր կազմին վերաբերող հարցը. փորձագետը` ստեղծված իրավիճակի մասին

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

ՍԴ որոշ դատավորներին թոշակի ուղարկելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Հետո խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների` Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն: