ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում:
Արագածոտնի մարզպետարանը հայտնում է, որ նրանք բազմաբնակարան շենքերի բակերում, խանութներում, պուրակներում, քաղաքային զբոսայգում, փողոցում անցորդներին դիմակներ են բաժանել և խնդրել անպայման դնել դրանք:
Շնորհակալություն հայտնելով դիմակ դնող քաղաքացիներին, չդնողներին բարեկամաբար խորհուրդ տալով դիմակ օգտագործել՝ առաջարկել են, որ նրանք իրենց հերթին խրախուսեն դիմակ դնելը և շրջապատին ևս հորդորեն նույնն անել:
Հիշեցնենք` նախարարներն ու և մարզպետները երեկ՝ հունիսի 23-ին, իրականացրին «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիան՝ դիմակներ բաժանելով փողոցներում։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ակցիան նախաձեռնել են կառավարության անդամները՝ հանրության շրջանում դիմակը ճիշտ դնելու անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու այն քաղաքացիներին, որոնք հետևում են հակահամաճարակային կանոններին:
Ակցիային մասնակցեցին նախարարներ Արսեն Թորոսյանը, Զարուհի Բաթոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, մարզպետներ Հայկ Չոբանյանը, Անդրեյ Ղուկասյանը և այլք։
Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր փողոցում դիմակներ բաժանում անցորդներին։ Հայաստանում դիմակ դնելը պարտադիր է մայիսի 25-ից, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։