«Ամոթի զգացում շատ մարդիկ այլ տեղերում պետք է ունենային». Վարդանյանը` Թովմասյանի մասին

«Իմ քայլի» պատգամավորն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների նախագծին ու դրա առնչությամբ ՍԴ դատավորների կարծիքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ամոթի զգացում շատ մարդիկ այլ տեղերում պետք է ունենային։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ասածներին։

Բուրիչը ՀՀ–ին հորդորում է մինչ ՍԴ դատավորներին փոխելը անցումային շրջան սահմանել

Հայտնել էինք, որ ԱԺ–ն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի մասին կարծիք հայտնելիս Թովմասյանն ասել էր, որ ամոթի զգացողություն է ունեցել։

«ՍԴ–ի հետ կապված բախվում ենք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային է լինում, քանի որ դատավորներից մեկն ասում է` ավելի անձեռնմխելի է, քան մյուսը, քանի որ ընտրվել է այսինչ թվականին։ Դրա համար էլ մենք սահմանադրական այն մոդելը կկիրառենք, որտեղ մեկ մանդատը կնշանակի` անձը մեկ անգամ ՍԴ դատավոր պետք է լինի և 12 տարուց ավել չի կարող պաշտոնավարել»,–ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասում է, որ եթե իրեն պաշտոնից զրկեն, կդիմի ՄԻԵԴ` Վարդանյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել ՄԻԵԴ, սակայն անընդունելի է, որ դա վերածվում է սպառնալիքի։

ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեցա. Հրայր Թովմասյան

Պատգամավորը խոսեց նաև Գյուլումյանի այն մտքին, թե ինքը 2014–ից է պաշտոնավարում ու չնայած մինչ այդ 1996-2003–ին եղել է ՍԴ դատավոր, սակայն իր վերջին պաշտոնավարումից 12 տարի չի անցել, ուստի չի հեռանալու պաշտոնից։ Վարդանյանը նշեց, որ երբ Գյուլումյանին պետք էր աշխատավարձի հետ կապված ինչ–որ հարց լուծել` նա պնդել է, թե անընդհատ պաշտոն է իրենը, իսկ հիմա ճիշտ հակառակն է ասում։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամներ, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան

Խորհրդարանն ընդունել է նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն:

ՀՀ նախագահը ստորագրել է միայն «ԱԺ կանոնակարգի» այս փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ եղած կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

ԲՀԿ–ն ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար