ԱԺ նիստն ընդհատվեց. պատգամավորներից մեկի ինքնազգացողությունը վատացավ

Արարատ Միրզոյանը հորդորեց Ազգային ժողովի դահլիճ բուժաշխատողներ հրավիրել` պատգամավորներից մեկին օգնություն ցուցաբերելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ վատացավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը:

Ո՞ր տեղում է Հայաստանը կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ նիստերի դահլիճ հրավիրեն բուժաշխատողներին։ Միրզոյանը 25 րոպե ընդմիջում հայտարարեց: Այժմ բուժաշխատողներն են Աբրահամյանին բուժօգնություն ցուցաբերում։

Հիշեցնենք, որ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ ծնողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նա ասել էր նաև, որ իր և դստեր թեստի պատասխանը բացասական է եղել։

Գայանե Աբրահամյանին մոտ կանգնած Sputnik Արմենիայի աղբյուրը մեզ հետ զրույցում ասաց, որ նա արդեն տանն է, իրեն լավ է զգում։ Իսկ կորոնավիրուսով վարակված ծնողների հետ վաղուց չի շփվել։

Նշենք, որ երեկ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

ԱԺ այսօրվա նիստի ժամանակ պետք է քննարկվեն մի քանի օրենսդրական նախագծեր։ Մասնավորապես, կքննարկվեն «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», « «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», « «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և մի շարք այլ նախագծեր։