60 շինարարական թույլտվություն է կասեցվել. իրավիճակը «կփրկեն» օրենքի փոփոխությամբ

Ազգային ժողովը քննարկվում է օրենքում այնպիսի փոփոխություն կատարելու հարցը, ըստ որի` վարչական ակտի վիճարկման պարագայում չկասեցնել շինարարության ընթացքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց` այս պահի դրությամբ շուրջ 60 շինարարական թույլտվություններ են կասեցվել։

ԱԺ–ն քննարկում է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, որը պատգամավորներին ներկայացրեց փոխնախարարը։

Կառուցենք Հայաստանը նորովի. կորոնավիրուսը չի խանգարում շինարարական աշխատանքներին

«Վարչական կամ դատական կարգով բողոքարկման պատճառով 60 շինարարական թույլտվություն է կասեցվել, որոնցով մոտավորապես 450 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում էր նախատեսված: Երևանի տվյալներով՝ 125 000 քմ մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում։ Օրենքի նախագծով առաջարկվում է չկասեցնել շինարարության ընթացքը բողոքարկման պատճառով»,-ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` այժմ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է, որ դատական վիճարկման հայցերի դեպքում շինարարության կատարումը կասեցվում է: Իհարկե, նախատեսված են որոշակի բացառություններ: Փոխնախարարը նշեց` օրենքի այս կարգավորմամբ այժմ շինարարությունների թույլտվության հետ կապված առաջացել է իրավիճակ, որ մի շարք աշխատանքներ են կանգ առել։

Գրիգորյանը ասաց, որ քննարկումներ են ծավալել Երևանի քաղաքապետարանի գործընկերների հետ, միջազգային փորձն են ուսումնասիրել և առաջարկում են օրենքում փոփոխություն կատարել։ Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է, որ երբ վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը, ապա շինարարության կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք. վարչական ակտի կատարումը կկասեցվի միայն դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում:

Շուտով կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը

Իսկ միջնորդությունը բավարարվելու պայմանն էլ այն է, որ ներկայացված հայցի ուսումնասիրման ժամանակ դատարանի մոտ առկա է լինում հիմնավոր կասկած, որ հայցվորին կարող է պատճառվել զգալի վնաս։

Գրիգորյանը հայտնեց նաև, որ եթե օրենսդրական նախագիծն ընդունվի, ապա կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի։