100 հոգանոց միջոցառում ռեստորանում, խախտումներ «Երևան Սիթիում». ՍԱՏՄ ստուգայցերի արդյունքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կասեցրել են սննդի արտադրության ու վաճառքի ոլորտում գործող մի շարք հայտնի տնտեսավարողների գործունեությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները խախտելու համար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր կասեցրել են սննդի արտադրության ու վաճառքի ոլորտում գործող մի շարք հայտնի տնտեսավարողների գործունեությունը:

72 ժամով փակվել է Երևանի օղակաձև զբոսայգում գտնվող «ՄուզԿաֆե» սրճարանը, 24 ժամով դադարեցվել է նաև Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատանքը:

Ինչպես հայտնում են կառավարությունից, սուպերմարկետում թերի է իրականացվել աշխատակիցների ջերմաչափումը, նրանցից ոմանք դիմակ չեն դրել, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, դրամարկղերի մոտ մարդկային կուտակումներ են եղել, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:

Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»

Իսկ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող «Կարավել» ռեստորանային համալիրում տեսուչները 80-100 հոգանոց միջոցառում են արձանագրել: Խախտումը կներկայացվի պարետատուն:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

«Ունենք 976 փակված հանրային սննդի օբյեկտներ, սննդի արտադրամասեր և խանութներ». ՍԱՏՄ