ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական արշավի շրջանակում միացել է Երևան քաղաքի բնակիչներին դիմակ բաժանելու նախաձեռնությանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է նախարարը դիմակներ բաժանում անցորդներին։
Հիշեցնենք` նախարարներն ու և մարզպետներն այսօր՝ հունիսի 23-ին, իրականացրին «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիան՝ դիմակներ բաժանելով փողոցներում։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ակցիան նախաձեռնել են կառավարության անդամները՝ հանրության շրջանում դիմակը ճիշտ դնելու անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու այն քաղաքացիներին, որոնք հետևում են հակահամաճարակային կանոններին:
Այսօրվա ակցիային մասնակցում էին նախարարներ Արսեն Թորոսյանը, Զարուհի Բաթոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, մարզպետներ Հայկ Չոբանյանը, Անդրեյ Ղուկասյանը և այլք։
Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր փողոցում դիմակներ բաժանում անցորդներին։ Հայաստանում դիմակ դնելը պարտադիր է մայիսի 25-ից, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։
«Դժվար է այն համատեղել լուքիս հետ»․ հայտնի հայերը, դիմակներն ու Նիկոլ Փաշինյանը