Երևանի 2 բուժհաստատություններ համալրվել են նորագույն սարքավորումներով. տեսանյութ

Կորոնավիրուսի դեմ պայքարին զուգահեռ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է նաև Հայաստանում գործող բժշկական կենտրոնների վերազինմանն ուղղված ծրագրերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիս - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել նորագույն վիրաբուժական սարքավորումներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Կառուցենք Հայաստանը նորովի» հեշթեգով տեսանյութ հրապարակել:

Առողջապահության ծրագիրը ՀՀ կառավարությունն ընդունել է անցած տարի: Ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար հատկացվել է շուրջ 340 միլիոն դրամ: Առողջապահության նախարարությունն էլ մրցույթ է հայտարարել և ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումները: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն, օրինակ, արդեն համալրվել է նորագույն սարքավորումներով:

«Ներկայիս ծանր պայմաններում, հատկապես վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին, որը ծառացած է ամբողջ երկրի առջև, ծրագիրն իրականացավ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն արդեն ստացել է «ծանր հրետանին»` էլեկտրոնային վիրահատական մանրադիտակները», - ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Սերբիայից բժշկական պարագաներով ու սարքավորումներով ինքնաթիռ ժամանեց Հայաստան

Նրա խոսքով՝ նման սարքավորումները հնարավորություն են տալիս բարելավել բուժման արդյունքները, մանավանդ այն դեպքերում, երբ անհրաժեշտ է առավել ճշգրիտ միջամտություն:

«Առողջապահության նախարարության աջակցությունը լուրջ ազդեցություն կունենա մեր քաղաքացիների առողջության վրա»,- համոզված է բժշկական կենտրոնի տնօրենը:

Սարքավորումներն ստանալուց անմիջապես հետո իրականացվել է առաջին վիրահատությունը. մատի ամպուտացիայով Տաշիրից տեղափոխված հիվանդի վիրահատությունը տևել է 5 ժամ:

«Միկրոսկոպը մեզ հնարավորություն տվեց ավելի արագ, ավելի որակով կատարել այդ միկրովիրաբուժական միջամտությունը», - ասաց բժշկական կենտրոնի պլաստիկ միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը:

Հնարավոր է՝ թթվածնային խտացուցիչները տնային օգտագործման համար էլ տրվեն. Փաշինյան

Ծրագրի շրջանակում նորագույն սարքավորումներ են ձեռք բերվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի համար, սակայն այստեղ դրանց շահագործումը հետաձգվում է, քանի որ բժշկական կենտրոնի բոլոր ռեսուրսները ուղղված են COVID-19- ի դեմ պայքարին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը վերջերս շտապօգնության ծառայության համար ձեռք է բերել 11 նոր մեքենա: Արդեն Հայաստան են բերվել 6 ամենագնաց («УАЗ») և 5 շտապօգնության մեքենա (Ford): Առաջիկա 2 ամսում ևս 20 մեքենա («УАЗ») կհանձնվի Հայաստանի մարզերին:

Չինաստանից կրկին մեծ քանակությամբ բուժօգնություն է ստացվել. տեսանյութ