ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հայաստանի կառավարության անդամները և մարզպետները «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիա են իրականացնում և փողոցներում դիմակ են բաժանում մարդկանց։ Մարզպետները դիմակներ են բաժանում իրենց մարզերում, իսկ նախարարները շրջում են մայրաքաղաքում։ Նրանք իրենց շրջայցերը ցույց են տալիս Facebook-յան ուղիղ հեռարձակմամբ։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երևանի թաղամասերից մեկում մոտենում է անցորդներին ու պարզում բժշկական դիմակներ։ Նրա թիրախում էին հատկապես կտորից դիմակ դրած քաղաքացիները։
«Հնարավորության դեպքում բժշկական դիմակներ կրեք, լա՞վ։ Սա վերցրեք ու ձեր մտերիմներին էլ ասեք, որ բժշկական դիմակներ կրեն», - ասաց նախարարը մի կնոջ։
Նա նաև շփվում է երեխաների հետ։ Առանց դիմակի քայլող մի աղջկա հորդորեց, որ դիմակով իջնի խաղալու, իսկ հեծանիվ քշող տղային էլ ասաց, որ վարելիս կարող է առանց դիմակի լինել, բայց հետո անպայման պետք է դիմակ դնի։
Կային նաև քաղաքացիներ, որոնք դժկամությամբ էին վերցնում նախարարի պարզած դիմակը։
«Ես ձեզ խնդրում եմ, վերցրեք դիմակը ու դրեք», - դիմեց նախարարը մեկին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր շրջայցի ժամանակ մոտեցավ ավտոմեքենան փողոցում նորոգող մի երիտասարդի, որը դիմակ չէր դրել, և անձամբ դիմակ դրեց նրա դեմքին։ Նախարարի ձեռքից դիմակներ են վերցնում անգամ դիմակով քայլող մարդիկ, իսկ դիմակով վարորդներից մեկն էլ նախարարին ասաց, որ առ այսօր չի տուգանվել, որովհետև միշտ դիմակ է դրել։
«Շատ կարևոր է` մարդիկ տեսնեն, որ կառավարության անդամները ամեն ջանք գործադրում են կորոնավիրուսի դեմ պայքարում և մտածում են իրենց առողջության մասին», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հորդորում է քաղաքացիներին դիմակը ճիշտ դնել` ծածկելով քիթը։ Արշակյանը դիմակ տվեց նաև անցորդներից մեկին, որը, պարզվեց, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը անվասայլակով է շրջում մայրաքաղաքով։ Նրան ուղեկցում են նախարարության աշխատակիցները։ Բաթոյանը նույնպես հորդորում է քաղաքացիներին դիմակներ դնել` այդպիսով պաշտպանելով ինչպես իրենց, այնպես էլ դիմացիններին։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ իր մարզում` Իջևան քաղաքում է իրականացնում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիան։ Նա նաև խանութներ է մտնում և բոլորին դիմակ նվիրելով հորդորում դնել դիմակ։ Մարզպետը նաև շրջայց կատարեց Իջևանի կենտրոնական շուկայով։
Օգտատերերից շատերը հետևում են նախարարների և մարզպետների ուղիղ միացումներին և տեսանյութերի տակ դրական մեկնաբանություններ գրում` շնորհակալություն հայտնելով և կարևորելով գործիչների նման քայլը։
Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր փողոցում դիմակներ բաժանում անցորդներին։ Հայաստանում դիմակ դնելը պարտադիր է մայիսի 25-ից, առանց դիմակի քաղաքացիները տուգանվում են 10 հազար դրամով։
Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որն արդեն 3 անգամ երկարացվել է։ Եթե նորից չերկարաձգվի, արտակարգ դրության ռեժիմը կավարտվի հուլիսի 13-ին։ Հունիսի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 21 006 դեպք կա։ Մահվան ելքով դեպքերը 372–ն են։