Ոստիկանություն են հրավիրում ԱԱԾ-ի դիմաց մետրերով ինձանից հեռու գտնվող անձանց․ Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ոստիկանությունը ապարդյուն աշխատանք է կատարում, քանի որ ոչինչ ապացուցել չեն կարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ իր բոլոր ծանոթներին, որոնք ԱԱԾ-ի դիմաց ցույց են արել, կանչում են ոստիկանություն և հարցաքննում։ Տեղեկությունը նա հրապարակել է Facebook-ի իր էջում։

«Ուրեմն սկսվել է ինձ հետ երբևէ առնչություն ունեցած, ինձ բարևած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած մարդկանց մասսայական բզբզում: Ոստիկանական բաժանմունք են հրավիրում էս օրերին ԱԱԾ-ի դիմաց, դատարանի մատույցներում ինձանից մի քանի մետր շառավղով գտնվող անձանց»,-նշում է Զոհրաբյանը։

Ծառուկյանի և ԲՀԿ–ի նպատակն էր պայքարը իրավականից տեղափոխել քաղաքական դաշտ. Դունամալյան

Նրա խոսքով՝ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ցույցի մասնակիցներն ինչ կապ ունեն Զոհրաբյանի հետ։ Արդյոք հենց Զոհրաբյանն է զանգել և նրանց ասել, որ  գնան ԱԱԾ-ի դիմաց կամ դատարան: Հարցնում են, թե ԲՀԿ-ից էլ ո՞ւմ եք ճանաչում: Եվ թերևս ամենաակտուալ հարցը, թե ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից ձեզ գումար տվե՞լ են, ասենք, պլակատ բռնելու կամ բուկլետ բաժանելու համար:

«Անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից ու բուլկի ծախողն ասաց, որ ընտանիքով ինձ են ընտրել: Էս ոնց որ լավ չեք աշխատում, հը՞:Բուլկի ծախողը, իմ տեղեկությամբ, դեռ չի կանչվել հարցաքննության»,-հեգնել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն օրեր առաջ հաղորդագրություն է տարածել Նաիրա Զոհրաբյանի մասին` հայտնելով, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նա 2018 թ. մայիսին ՀՀ–ում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝ նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։

Ըստ ԱԱԾ–ի` Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ ԲՀԿ–ն նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե չէ, էտա…, իրականությունը էտա…»:

Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան

Հավելենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դեմ 3 քրգործ է հարուցվել, որոնցից մեկն էլ առնչվում է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքերին։ Դրանցում, ըստ ԱԱԾ–ի, ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամները: