Մինչև հոկտեմբեր Հայաստանում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ կկայանա

Համապատասխան գերատեսչությունները շուտով կզբաղվեն նիստի օրակարգի ձևավորմամբ։ Սա կլինի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, տեսակապի միջոցով քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի արդիական հարցերը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնության կհասնեն նաև իտալացի ու լեհ բժիշկներ

Հանդիպման սկզբում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները ներկայացրել են կորոնավիրուսային վարակի տարածմամբ երկրներում ստեղծված իրավիճակն ու վարակի հետևանքները չեզոքացնող միջոցառումների արդյունքները: Գրիգորյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը` մասնավորապես առողջապահության ոլորտում ցուցաբերած աջակցության համար: ՌԴ փոխվարչապետն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կշարունակի Հայաստանին աջակցել համավարակի դեմ պայքարում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա երրորդ եռամսյակում՝ մինչև հոկտեմբեր, Հայաստանում անցկացնել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։ Համապատասխան գերատեսչությունները շուտով կզբաղվեն նիստի օրակարգի ձևավորմամբ։

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և ֆինանսական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանն առնչվող հարցերին: