Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնության կհասնեն նաև իտալացի ու լեհ բժիշկներ

Նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ Երևան է ժամանում ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին կմիանան Իտալիայի բուժաշխատողները։ 

«Մենք շատ շոնրհակալ ենք այն բոլոր երկրներին, որ արդեն աջակցում են մեզ և շուտով կմիանան մեզ։ Այդ երկրներից մեկը Իտալիան կլինի»,-իր խոսքում նշեց Թորոսյանը։

Նախարարը նաև հիշեցրեց, որ այսօր երեկոյան Երևան կժամանի ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը։ Ֆրանսիայից ժամանած բժիշկների առաջին խումբը՝ ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ, կվերադառնա հայրենիք:

Ինչպես կարելի է Հայաստանում կանգնեցնել կորոնավիրուսի թափը. հայ պրոֆեսորը գործոններ է նշել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հերթին նշեց, որ մոտ օրերս բժիշկներ կգան նաև Լեհաստանից։

«Մենք ունենք հետաքրքրվածություններ ԱՄՆ-ից, Ուկրանիայից, աշխատանքներ են տարվում տեղի հայկական համայնքների ու ընկերությունների հետ, դեսպանատների ու Առողջապահության նախարարությունների հետ», - ասաց Սինանյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի բուժաշխատողներին օգնելու նպատակով արդեն իսկ մասնագետներ են եկել Ռուսաստանից, Լիտվայից, Ֆրանսիայից։ Սերբիան և Չինաստանը բուժամիջոցներ են ուղարկել, Վրաստանը նույնպես օգնություն է առաջարկել։

Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը. լուսանկարներ

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որն արդեն 3 անգամ երկարացվել է։ Եթե նորից չերկարաձգվի, արտակարգ դրության ռեժիմը կավարտվի հուլիսի 13-ին։ Հունիսի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 21006 դեպք կա։ Մահվան ելքով դեպքերը 372–ն են։