Հրաշքներ լինում են. բժիշկները փրկել են կաթված տարած և Covid-ով վարակված տղամարդու կյանքը

«Էրեբունի» ԲԿ–ն հետաքրքիր մի պատմություն է ներկայացրել, թե ինչպես է բժիշկների թիմային աշխատանքի շնորհիվ 43-ամյա տղամարդու կյանքը փրկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. «Էրեբունի» բուժկենտրոնը տեղեկացնում է, որ բժիշկների աշխատանքի շնորհիվ փրկվել է ուղեղի կաթված տարած և կորոնավիրուսով վարակված 43–ամյա մի տղամարդու կյանքը։

Երևանի 2 բուժհաստատություններ համալրվել են նորագույն սարքավորումներով. տեսանյութ

«43-ամյա տղամարդը ԲԿ է տեղափոխվել հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Տղամարդուն հետազոտել են` գլխուղեղի ԿՏ և ԿՏ-անգիոգրաֆիա, կրծքավանդակի ԿՏ և լաբորատոր հետազոտություններ: Պարզվել է, որ հիվանդն ունեցել է գլխուղեղի զարկերակների երկու պարկաձև անևրիզմաներ (լայնացումներ), որոնց շրջանում անոթի պատի թուլությունը հանգեցրել է անոթի պատռման և գլխուղեղի շուրջը ծանր արյունազեղման»,–գրված է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։

Նշված իրավիճակում հիվանդի կյանքին լուրջ վտանգ էր սպառնում, հատկապես կրկնակի արյունազեղման դեպքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացել, երբ հիվանդի COVID-19 -ի թեստավորման արդյունքը դրական է եղել:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել են 12 մարդ` 8 տղամարդ և 4 կին

Հիվանդին կրկնակի արյունազեղումից փրկելու նպատակով Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանը որոշել է  ներանոթային վիրահատություն կատարել՝ ամրացնելու վնասված զարկերակները։ Նշված միջամտությունը պահանջում էր վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի բարձր պրոֆեսիոնալիզմ, քանի որ առկա է եղել շատ բարձր ռիսկ ներվիրահատական արյունազեղման կամ իշեմիկ կաթվածի առաջացման։ Բացի այդ, հիվանդի մոտ կորոնավիորւսի առկայությունը մեծացնում էր, ինչպես հիվանդի ռիսկերը կաթվածի բուժման ընթացքում, այնպես էլ վտանգի տակ էր դնում ամբողջ վիրաբուժական թիմին։

Վիրահատության ժամանակ ճառագայթային պաշտպանության կապարե արտահագուստից բացի, անձնակազմը կրել է նաև հակավիրուսային պաշտպանության արտահագուստ և հատուկ դիմակներ։ Վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վիրահատությունը կատարվել է առանց բարդությունների: Արյունազեղման, ինչպես նաև կորոնավիրուսի բուժումը հետագայում պատշաճ կերպով իրականացվել է ինտենսիվ թերապիայի, նյարդաբանական, նյարդավիրաբուժական և թերապևտիկ թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Հենց թիմային պայքարի արդյունքում հիվանդը հաղթահարել է բոլոր խնդիրները, առողջացումով դուրս գրվել և վերադարձել է ընտանիք։