ՀՀ-ից բացակա անձը «ներկայացել» ու թոշակ է ստացել. ովքեր են բարեգործական թաղումներ անողները

ՀՀ հաշվեքննիչ պալատն ուշագրավ բացահայտումներ է արել Հայաստանի սոցիալական համակարգի 2018թ-ի աշխատանքի վերաբերյալ: Հայտնաբերված չարաշահումները կներկայացվեն ԱԺ-ի ամբիոնից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սոցիալապես անապահով ընտանիքները Հայաստանից ամիսներով բացակայել են, բայց այդ ամիսների համար պետությունից հրատապ օգնություն են ստացել, կամ ամուսնացել են ու որպես միայնակ շարունակել են նպաստ ստանալ: ՀՀ սոցիալական ապահովության ծառայության աշխատանքի այս և այլ ուշագրավ փաստերը Հաշվեքննիչ պալատը (ՀՊ) բացահայտել է ծառայության 2018թ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում:

Փաշինյանը խնդիր կդնի` խորանալ այնքան, որ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվեն

Միայն ընտանեկան նպաստների համակարգում պալատի ուսումնասիրության արդյունքում բացահայտված ռիսկային հատկացումների ընդհանուր գումարը կազմել է 510.4 մլն դրամ:

Օրինակ` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքերում տրամադրվող կենսաթոշակների համակարգում ավելի քան 4.7 մլրդ դրամի կենսաթոշակ է վճարվել Հայաստանից 1 տարի բացակայող թոշակառուների ծանոթ-բարեկամներին՝ առանց լիազորագրի: Իսկ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքերում նպաստ ստացող185 շահառուներից 119-ն անձամբ են առձեռն ստացել իրենց նպաստները:

Բայց երբ ՀՊ-ը նրանց տվյալները համեմատել է սահմանային անցակետերում գրանցված տվյալների հետ, պարզվել է, որ նրանք այդ ընթացքում Հայաստանում չեն եղել: Արդյունքում 3.4 մլն դրամը հայտնի չէ, թե ում է վճարվել:

Չարաշահման ռիսկեր են բացահայտվել նաև պաշտպանության ոլորտին հատկացվող պարգևավճարների գործընթացում: Ըստ ՀՊ հաշվետվության` 2018 թ-ին ՊՆ-ն իր համակարգի պարգևավճարների կեսից ավելին՝ ավելի կոնկրետ 50.1%-ը (1.3 մլրդ դրամ), վճարել է անկանխիկ եղանակով, ինչը, ուսումնասիրության հեղինակների համոզմամբ, կարող է չարաշահման ռիսկեր պարունակել:

15.3 մլրդ դրամի խեղաթյուրման ռիսկեր էլ բացահայտվել են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ու ՀՀ ԶՈւ զինվորական ծառայության ընթացքում զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողներին տրամադրվող պարգևավճարների համակարգում:

Բայց ամենաուշագրավ բացահայտումը վերաբերում է թաղման նպաստներին: Պարզվել է, որ Հայաստանում կան անձինք, որոնք տարվա ընթացքում մի քանի անգամ թաղման նպաստ են ստացել: 2018թ-ին այդպիսի անձանց թիվը 6–ն է եղել: Ըստ ՀՊ-ի` «6 անձինք ստացել են թաղման 103 նպաստ՝ 20.6 մլն դրամի»: Այլ կերպ ասած, այս մարդկանցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում միջինը 20 անգամ թաղման նպաստ է ստացել: Նշենք, որ թաղման նպաստը մեր երկրում կազմում է 200 000 դրամ և տրվում է կենսաթոշակ կամ հաշմանդամության նպաստ ստացած անձի մահվան դեպքում՝ նրա հուղարկավորությունը կազմակերպած անձին:

Թե ովքեր են այս «բարեգործական» թաղումներ կազմակերպողները, ՀՊ-ի հաշվետվության մեջ չի նշվում:

Հնարավոր է` ՀՊ նախագահ Լևոն Յոլյանն այդ մասին հայտնի ԱԺ-ի ամբիոնից, քանի որ հունիսի 24-ին նշանակված ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդգրկված է նաև Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որի ժամանակ քննարկվելու են նաև այս ուսումնասիրության արդյունքում բացահայտված նյութերը:

Ի դեպ, Սոցիալական ապահովության ծառայության աշխատանքում հայտնաբերված չարաշահումները Հաշվեքննիչ պալատը տրամադրել է ՀՀ Գլխավոր դատախազությանը: Դրանք ներկա պահին դեռ ուսումնասիրման փուլում են: