Դիմակ բաժանող նախարարների օրինակը վարակիչ է դարձել․ հայտնի է՝ ում միտքն էր ակցիան

Ակցիայի ընթացքում քաղաքական գործիչները ոչ միայն դիմակներ էին բաժանում, այլև շփվում էին քաղաքացիների հետ, հիշեցնում նրանց հակահամաճարակային կանոնների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ նախարարները և մարզպետները այսօր՝ հունիսի 23-ին, իրականացրին «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիան՝ տարբեր քաղաքների փողոցներում բաժանելով դիմակներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, թե ում մտահղացումն էր իրականացված ակցիան։

«Ակցիան նախաձեռնել են կառավարության անդամները՝ հանրության շրջանում դիմակի ճիշտ կրման անհրաժեշտությունը ընդգծելու նպատակով, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու մեր այն քաղաքացիներին, որոնք հետևում են հակահամաճարակային կանոններին: Ակցիային մասնակցում են նաև կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, աշխատակիցները», - նշեց Գևորգյանը։

Նա հավելեց, որ կառավարության ներկայացուցիչներին և մարզպետներին վաղը կհետևեն նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։ Իսկ շաբաթվա այլ օրերին քաղաքացիներին դիմակներ կբաժանեն այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։

«Խնդրում եմ` դիմակը վերցրեք ու դրեք»․ նախարարներն ու մարզպետները դուրս են եկել ֆլեշմոբի

Այսօրվա ակցիային մասնակցում էին նախարարներ Արսեն Թորոսյանը, Զարուհի Բաթոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, մարզպետներ Հայկ Չոբանյանը, Անդրեյ Ղուկասյանը և այլք։

Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր փողոցում դիմակներ բաժանում անցորդներին։ Հայաստանում դիմակ դնելը պարտադիր է մայիսի 25-ից, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։

Նիկոլ Փաշինյանը դիմակներ է բաժանում փողոցում. լուսանկարներ և տեսանյութ

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որն արդեն 3 անգամ երկարացվել է։ Եթե նորից չերկարաձգվի, արտակարգ դրության ռեժիմը կավարտվի հուլիսի 13-ին։

Հունիսի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 21006 դեպք կա։ Մահվան ելքով դեպքերը 372–ն են։