Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

Պաշտպանության նախարարը ներկա է լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակին նվիրված զորահանդեսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik.ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա:

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

Տոնոյանը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակին նվիրված զորահանդեսին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր գրել՝ ափսոսանքով հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Նա նշել էր, որ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը: Ուստի որոշել է ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք այցից, ինչն արդեն իսկ մանրամասն քննարկվել և համաձայնեցվել էր ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի աշխատակազմերի միջև։ Վարչապետի խոսքով` իր համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին:

Մոսկվայից հասկացրել են, որ դժգոհ են. ինչու Փաշինյանը չեղարկեց այցը

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24–ին։