ՌԱԴԻՈ

Ադրբեջանցիները վերջին ամիսներին փորձարկում են ապատեղեկատվության նոր մեթոդներ. Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ վերջին բացահայտմանը, ըստ որի`տեղի է ունեցել ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը։ 
Sputnik
Ադրբեջանցիները վերջին ամիսներին փորձարկում են ապատեղեկատվության նոր մեթոդներ. Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` նման տեսանյութեր նոր չէ, որ պատրաստում են, պարզապես վերջին ամիսներին ակտիվացել են հենց WhatsApp բջջային հավելվածում` փորձելով հայաստանյան օգտատերերին որոշ տեսանյութեր ուղարկել, որոնց մի մասը զուտ հայհոյանքներ են, մյուս մասը տեսազանգերի միացման փորձերն են, որպեսզի ինչ–որ ձայնագրություններ անեն, ինչն էլ ապատեղեկատվության տարածման միջոց է։ 

«Այս դեպքի կապակցությամբ պետք է մի թեմա բարձրաձայնենք, որն առնչվում է անձնական տվյալների արտահոսքին, քանի որ հենց այդ բազաների հայտնվելը համացանցում թույլ է տալիս կոնկրետ մարդկանց թիրախավորել, որովհետև փաստացի հայտնի է դառնում, թե որ հեռախոսն ում է պատկանում և ինչպես կարելի է կոնկրետ մարդկանց վրա ազդել նման տեսանյութերով»,– նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ`ադրբեջանցիները երբեք պասիվ չեն եղել, ուղղակի փորձակում են նոր մեթոդներ։ Ըստ նրա` ներկա իրավիճակում, երբ մարդիկ գտնվում են տեղեկատվական գրոհի ներքո, որը կապված չէ միայն ադրբեջանցիների հետ, այլ պայմանավորված է կորոնավիրուսով, ներքաղաքական իրավիճակով, և այդ ամենը հանգեցրել է նրան, որ մարդկանց մոտ կասկածամտության շեմն իջել է ու հավատում են նույնիսկ անհեթեթությունների։ Այդ առումով վերոհիշյալ տեսանյութերն իրենցից որոշակի վտանգ ներկայացնում են։ 

ԱԱԾ–ն բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը

«Երբ մարդուն WhatsApp–ում գրում են, նա լուրջ է վերաբերվում դրան, քանի որ դա ավելի շուտ անձնական, անհատական բջջային հավելված է, ուղղակի Facebook–ում ընթերցված բան չէ, այնպես որ, ճիշտ թիրախավորելու դեպքում կարող են ինչ–որ արդյունքի հասնել ու տարածել որոշակի խուճապ»,– նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ` նման տեսանյութերը սովորաբար նախատեսված են ներքին լսարանի համար, որովհետև տարածվում են ոչ թե բաց ցանցերով, այլ փոխանցվում են մարդուց մարդուն։  Տարածողները հույս ունեն, որ նման տեսանյութերը կվրիպեն լրագրողների, պատկան մարմինների տեսադաշտից ու ավելի կարմատավորվեն։

ԱԱԾ–ն ադրբեջանցի մի օգտատիրոջ կողմից կեղծ տեղեկատվության տարածման փորձ է բացահայտել

Փորձագետը ՀՀ քաղաքացիներին հորդորում է նախ թույլ չտալ, որպեսզի WhatsApp–ում մարդիկ ինչ–որ բան համոզեն իրենց, երկրորդ` համոզվել, որ հաղորդագրություններն իսկապես ուղարկում են ծանոթները, երրորդ` լուրջ չվերաբերվել անծանոթներից ստացված հաղորդագրություններին ու չպատասխանել նրանց տեսազանգերին։    

Հիշեցնենք` ըստ ԱԱԾ հաղորդագրության` մայիսի 21-ին WhatsApp բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն Alex-ի և YouTube սոցիալական կայքում Armen Tigranian տվյալներով օգտատիրոջ կողմից տարածվել է մի տեսանյութ։ Այնտեղ իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում, որտեղ մնացել են կորոնավիրուսի պատճառով, և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններն անգործության են մատնված։

Ադրբեջանցի նախարարը դժգոհ է․ հայերը զինել են առաջնագիծը տեսահսկման նոր համակարգերով