ՌՈ պետի որդին գնացել է բանակ ու ազատվել, հարուցվել է քրեական գործ. «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեում հաստատել են թերթի տեղեկությունները, բայց հայտնել են, որ գործը հարուցվել է այլ փաստով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի որդու նկատմամբ ՀՀ զինվորական քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Ըստ թերթի` Աղաջանյանի որդին ամիսներ առաջ զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության, սակայն իր հայրիկի՝ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ազատվել է ծառայությունից: Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունը Աղաջանյանի որդու բանակից ազատվելու վերաբերյալ հարուցել է քրեական գործ և ուղարկել Զինվորական քննչական բաժին նախաքննության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանից: Վերջինս թերթին հայտնել է. «Դ. Աղաջանյանը, ունենալով առողջական խնդիրներ, 19.07.2019թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքրի 315-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ»:

«Ստացվում է, որ քննչական մարմինը հիմա ստուգում է այն հանգամանքը, թե որ բժիշկներն են սխալ եզրակացություն տվել, որ խնդիրներ ունեցող տղան զորակոչվել է բանակ»,- գրում է թերթը՝ միաժամանակ խոստանալով հետևել քրեական գործի ընթացքին, որ չպարզվի, թե բժշկական եզրակացությունները «սարքովի են»:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19-ին ստորագրել էր Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։

Դրանից հետո Բաղդասարյանին այդ պաշտոնում մինչ օրս փոխարինում է Ալեքսանդր Աղաջանյանը՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: