Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` աշխատատեղերի արագ վերականգնման առաջին կարևոր պայմանն այն է, որ ձեռնարկությունները նորից սկսեն եկամուտներ ստանալ և կարողանան կրկին ֆինանսական միջոցներ հայթայթել, որպեսզի աշխատեն բոլոր կարողություններով։
«Չվերականգնված աշխատատեղերի առումով` ցուցակում կարող են լինել հին ընկերությունները, որոնք այս պահին դեռ այդքան աշխատողների կարիք չունեն, քանի որ նվազել է պատվերների քանակը և այդ ընկերություններից չեն պահանջում բոլոր աշխատողներին հրավիրել աշխատանքի»,– նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։
Մակարյանի փոխանցմամբ` իրենց վերլուծությունների արդյունքում ի հայտ է եկել ևս մեկ կարևոր հանգամանք` ընկերություններն իրենց վերականգնման համար նշել են 90–օրյա ժամկետ, այսինքն պետք է սպասել առնվազն մինչև հուլիսի վերջը, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ վերականգնվել, եթե, իհարկե, խանգարող լուրջ իրավիճակներ չառաջանան։
Առավել տուժած ոլորտների 37 հազար աշխատակիցներ 2-րդ անգամ աջակցություն կստանան պետությունից
Ըստ Մակարյանի` երկրորդ կարևոր պայմանն աշխատավարձերի վճարումն է, քանի որ հետազոտված ձեռնարկությունների 86 տոկոսը նշել էին, որ ունեն ֆինանսական միջոցների դեֆիցիտ, ինչը խանգարում է աշխատավարձ վճարել և ամբողջությամբ վերականգնել ձեռնարկատիրական գործունեությունը։
«Վերականգնված աշխատատեղերի մի մասը ռեստորանների ու սրճարանների հաշվին եղավ, քանի որ ցանկանում են աշխատել` օգտագործելով աշխատանքային սեզոնը, սակայն ամենաքիչ վերականգնված ոլորտի ձեռնարկությունների թվում կլինեն տուրիստական ընկերությունները, քանի որ այս տարի էական հաջողություն չեն ունենա։ Այս պահին չի աշխատում նաև հանրային սննդի օբյեկտների մի մասը»,–նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։
Նրա տեղեկացմամբ` երրորդ հանգամանքն այն է, որ որոշ ընկերություններ դեռ չեն կարողանում հետ բերել աշխատողներին, որովհետև հնարավորությունները սահմանափակված են, և աշխատակիցներից շատերն էլ ստիպված են աշխատել տնից։
Ըստ Մակարյանի` չորրորդ խնդիրն էլ այն է, որ պետական աջակցության միջոցառումները շատերի համար հասանելի չեղան ու չտվեցին մեծ օգուտ, հետևաբար, ընկերությունները պետք է փորձեն վերականգնվել սեփական ուժերով։
Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին